Ավանդական օրհնության կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

2012-08-31

Գիտելիքի օրվան ընդառաջ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ  տեղի է ունեցել կրթության ոլորտի ներկայացուցիչների օրհնության ավանդական արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ բուհերի ռեկտորներ, դպրոցների, քոլեջների, ուսումնարանների և մանկապարտեզների տնօրեններ, ինչպես նաև հանրակարթական դպրոցների աշակերտներ:
 
Եկեղեցական արարողակարգից հետո  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը  պատասխանել են լրագրողների հարցերին:
«Մենք բարձր գոհություն ենք բարձրացնում առ  Աստված, որ ձևավորվել է այս գեղեցիկ ավանդույթը և տարիներ ի վեր կրթության մշակները առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի, գալիս են Սուրբ Էջմիածին՝ իրենց  ուխտը վերանորոգելու հայ  դպրության և  կրթական մշակների հիշատակի առջև»,- լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ  նշել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և հավելել,-«Մենք  համատեղ աղոթքով հայցում ենք  աստվածային Սուրբ հոգու շնորհները, որպեսզի կրթական մշակները զորացած իրենց պատասխանատու,  կարևոր, հայրենաշեն և եկեղեցաշեն  առաքելությունը իրականացնեն կրթական օջախներից ներս՝ դաստիարակելով  արժանավոր զավակներ ազգի,  հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու համար: Մենք մեր աղոթքը առ Աստված բարձրացրեցինք՝ խնդրելով, որ Տերը  իր աջը  պահապան և օգնական դարձնի հայ կրթության գործի մշակներին և արգասավորի նրանց ջանքերը ի սեր հայրենիքի զորացման և նրա բարօր կյանքի առաջընթացի»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով եկեղեցու դերակատարումը կրթության համակարգում, նշել է. «Ազգային դպրոցը  և արժեհամակարգ  ունեցող  քաղաքացու  ձևավորումը  դժվար է պատկերացնել առանց Հայ Առաքելական Եկեղեցու հետ համագործակցության և քրիստոնեական բարոյագիտության: Դարեր շարունակ, երբ հայ ժողովուրդը չուներ պետականություն, կրթության լույսը տարածելու ծանր առաքելությունը ստանձնել էր  Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին: Անկախության  պետականության ստեղծումից հետո  կրթական համակարգում ավանդույթներին ու արմատներին հավատարիմ մնալը  խիստ առաջնային խնդիր եմ համարում: Եկեղեցու դերը շատ կարևոր է, քանի որ կրթության գլխավոր առաքելությունը գիտելիք հաղորդելուն զուգահեռ ինքնության պահպանման և արժեհամակարգի ձևավորման խնդիրն է»: Նախարարը ընդգծել է, որ եկեղեցու հետ համագործակցությունը ոչ միայն բարոյական,այլև իրավական հարթության խնդիր է, քանի որ հայ ինքնության պահպանման առումով Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու բացառիկությունը շեշտված է նաև ՀՀ Սահմանադրության մեջ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։