Օգոստոսյան խորհրդակցություն Լոռու մարզում

2012-08-27

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է եղել Լոռու մարզի  հանրակրթական դպրոցների  օգոստոսյան խորհրդակցությանը, որին մասնակցել են մարզի դպրոցների տնօրեններն ու մանկավարժները: Խորհրդակցության ընթացքում  քննարկվել են  կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրներ, նախարարին ներկայացվել են ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը:
 Ամփոփելով կրթության որակի ցուցանիշները՝ նախարարին զեկուցվել է, որ 2011-2012 ուստարվա ընթացքում  Լոռու մարզից 71 աշակերտ առարկայական օլիմպիադաների  հանրապետական փուլում տարբեր պատվոգրերի ու դիպլոմների են արժանացել: Մարզի շուրջ 100 դպրոցներում   անցկացվել են տնօրենների մրցույթներ :
Ողջունելով Լոռու մարզի ուսուցիչներին և շնորհավորելով գալիք ուսումնական տարվա կապակցությամբ` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ մանկավարժի աշխատանքը պետության համար կարևորագույն նշանակություն ունի. «Այս փուլում մանկավարժ լինելը դժվար է, որովհետև խնդիրներն ու ոլորտի բարեփոխումները  պատասխանատվություն և լարում են պահանջում: Տարեցտարի փոփոխվող կրթական համակարգում մրցունակության միակ ճանապարհը նվիրված աշխատանքն է: Մենք պարտավոր ենք ապահովել կրթության գործի կազմակերպումը և հավատալ մեր գործի հաջողությանը: Ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության 43 հազար ուսուցիչների ճնշող մեծամասնությունը կրթության և իրենց գործի նվիրյալներ են »,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարը:
Անդրադառնալով կրթական խնդիրներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է, որ մեկ տարվա նախնական արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ «Շախմատ» առարկայի ներմուծումը հանրակրթական դպրոցներում  արդյունավետ է եղել:
 Նախարարը միաժամանակ նշել է, որ բոլոր մարզերում կան «Շախմատ» առարկայի դասավանդման պատասխանատուներ և դպրոցները պետք է դասավանդման հետ կապված խնդիրները, ինչպես նաև մանկավարժների կադրային   նշանակումները համաձայնեցնեն տվյալ ներկայացուցչի հետ, քանի որ կամայականությունները կարող են ուղղակիորեն վնասել «Շախմատի» դասավանդման  որակին, ինչը նախարարության կողմից առաջնային կարևորություն ունի: ՀՀ ԿԳ նախարարը պատասխանելով Լոռու մարզի հիմնական դպրոցների  տնօրենների տարրական դպրոցում  աշակերտների ֆինանասավորմանն առնչվող առաջարկությանը՝ նշել է, որ պետությունը չի կարող հավասար ֆինանսավորում հատկացնել շաբաթական 24 ժամ ծանրաբեռնվածություն ունեցեղ տարրական դպրոցի աշակերտին և 36 ժամ ծանրաբեռնվածությամբ ավագ դպրոցի աշակերտին:
Մանկավարժների բարձրացրած հարցերը հիմնականում առնչվել են դպրոցների ֆինանասավորմանը, և լաբորատոր նոր սարքավորումների ձեռքբերմանը: Նախարար Արմեն Աշոտյանի կողմից ցուցում է տրվել հստակ ձևակերպել և ՀՀ ԿԳ նախարարություն ներկակացնել լաբորատոր սարքավորունների և համակարգչային դասարանների պահանջարկը:
«Եվ նոր լաբորատորիաների ձևավորման և համակարգչային լսարանների ձևավորման ուղղությամբ  անցյալ տարի բավականաչափ աշխատանք է  կատարվել. դպրոցներին հատկացվել են ավելի քան 4500 համակարգիչ, ձևավորվել են ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության նոր լաբորատորիաներ, գործընթացը շարունակվելու է նաև այս տարի»,- նշել է նախարարը:

Պարզաբանելով բարձրացված հարցերը՝ նախարարը նշել է, որ դպրոցների ֆինանսավորման հետ կապված խնդիրները առավելապես պայմանավորված են   աշակերտների քանակի նվազմամբ. «Աշակերտների քանակը, ցավոք,  նվազել է, ուսուցիչները գրեթե չեն պակասել: Ընդհանուր առմամբ հանրապետությունում, եթե համեմատենք ըստ աշակերտների թվի, մանկավարժական հաստիքները, ապա   ավելի քան 8500 մանկավարժների ավելցուկ ունենք: Սակայն մենք  դպրոցների տնօրեններին հորդորում ենք, հաշվի առնելով սոցիալական պատասխանատվությունը կրճատումների ճանապարհով չգնալ: Նման պայմաններում  դպրոցների տնօրեններից կառավարչական լրացուցիչ հմտություններ են պահանջվում`  խնդիրներին համալիր և օպտիմալ լուծում տալու նպատակով»,- նշել է Արմեն Աշոտյանը:
 Անդրադառնալով մանկավարժական կադրերի ավելցուկի խնդրին՝ նախարարը նշել է, որ պետությունը իր կադրային պլանավորմոն քաղաքականությունն ապահովում է բացառապես պետպատվեր տեղերի բաշխման միջոցով:
 «Պետությունը չի կարող ուղղակիորեն սահմանափակել  մանկավարժական կրթության ծավալները, քանի որ դա նաև մարդու  իրավունք է»,-  շեշտել է նախարարը:
  Խորհրադակցությանը մասնակցել է նաև Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։