Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովում ընդունված բանաձև /2012թ. օգոստոսի 10-14-ը, ք. Ծաղկաձոր/

2012-08-17

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովին մասնակցեցին Սփյուռքի 19 երկրների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտի շուրջ 140 ներկայացուցիչ:
Հայաստան-Սփյուռք կրթական հարաբերությունների ամրապնդման, ազգային ինքնության պահպանման ու զարգացման, կրթդաստիարակչական հիմնախնդիրների արդյունավետ լուծման նպատակով 8 լիագումար նիստերում և 6 մասնախմբերում իրականացված համատեղ քննարկումների ընթացքում  ներկայացվեցին հետևյալ առաջարկությունները.

1.    Շարունակել աշխատանքները հայագիտության ոլորտի միասնական կրթական չափորոշիչների մշակման ու ներդրման ուղղությամբ` սահմանելով ակնկալվող գիտելիքների նվազագույն և առավելագույն մակարդակները, դրանց գնահատման չափանիշները:
2.    Միջնորդել ՀՀ կառավարությանը միջպետական բանակցությունների միջոցով Սփյուռքի կրթական հաստատություններում դասավանդվող հայագիտական առարկաների կարգավիճակը համապատասխան երկրներում օրենսդրորեն ամրագրելու վերաբերյալ:
3.    Նպաստել Սփյուռքի կրթական հաստատությունները տվյալ երկրի պետական կրթական ոլորտ ներգրավելու գործին:
4.    Շարունակել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատանքը սփյուռքահայ կրթական հաստատությունների համար ստեղծվող և ձեռք բերվող դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, հայագիտական գրականության տպագրության և տարածման ուղղությամբ` մասնավորապես կարևորելով.
ա/ հայոց լեզվի արագացված ուսուցումը, բանավոր խոսքի զարգացումը,
բ/ Հայաստանում արևելահայերեն և արևմտահայերեն դասական ուղղագրությամբ ուսումնական գրականության հրատարակումն ու տարածումը,
գ/ Սփյուռքի համար ստեղծվող ուսումնական գրականության փորձաքննության մեխանիզմների մշակումն ու ներդրումը,
դ/ Սփյուռքի կրթական հաստատություններում ուսումնական գրականության ստեղծումը:
5.    Աշխատանքներ տանել Սփյուռքում հայագիտական կրթության վարկանիշի բարձրացման ուղղությամբ:
6.    Նպաստել Հայաստանում հրատարակվող մանկապատանեկան ամսագրերում Սփյուռքին հատկացված բաժինների պատրաստմանը և դրանց էլեկտրոնային տարբերակների ստեղծմանը:
7.    Աջակցել Սփյուռքի կրթական հաստատությունների, անհատ հեղինակների և հայաստանյան հրատարակչությունների համագործակցությանը:
8.    Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Սփյուռքի ուսուցիչների և աշակերտների շրջանում կազմակերպել Հայոց ցեղասպանությանը նվիրված համահայկական միջոցառումներ, մշակել և տարածել ուսումնաօժանդակ նյութեր:
9.    Տարածաշրջաններում ուսումնամեթոդական աշխատանքների համակարգված իրականացման նպատակով սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում կազմակերպել վերապատրաստող ուսուցիչների դասընթացներ` համապատասխան ուսումնական ծրագրով:
10.    Շարունակել Սփյուռքի մանկավարժական ներուժի վերապատրաստումը Հայաստանում և տեղերում` իրականացնելով ինչպես մեկամսյա, այնպես էլ կարճաժամկետ խորհրդատվական դասընթացներ` առարկայական, մեթոդական,  հոգեբանական  և տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղություններով` շեշտադրելով գործնական աշխատանքները:
11.    Կատարելագործել վերապատրաստման ծրագրի և նրա արդյունքների մշտադիտարկման համակարգը:
12.    Նախապատրաստական աշխատանքներ իրականացնել հեռավար վերապատրաստման ծրագրերի իրագործման ուղղությամբ:
13.    Սփյուռքի կրթական հաստատությունները բարձրագույն մանկավարժական կրթությամբ ուսուցիչներով համալրելու նպատակով նպաստել գործող ուսուցիչների հեռակա, ինչպես նաև լրացուցիչ կրթության կազմակերպմանը:
14.    Սփյուռքում մանկավարժական կադրերի բացակայության դեպքում աջակցել կրթական հաստատությունները հայաստանյան մանկավարժներով համալրմանը:
15.    Աշխատանքներ ծավալել համահայկական վիրտուալ միջավայրի զարգացման ուղղությամբ` նպաստելով խորհրդաժողովի քննարկումների շարունակականությանը:
16.    Նպաստել օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների գործունեությանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։