Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի մասնակիցները զորակցություն են հայտնել սիրիահայ համայնքին

2012-08-15

Ամփոփվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի աշխատանքները, որոնք տեղի են ունեցել օգոստոսի 10-14-ը: Երկու տարին մեկ գումարվող խորհրդաժողովին մասնակցել են  Սփյուռքի 19 երկրների, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտի շուրջ 140 ներկայացուցիչներ: 
Քառօրյա խորհրդաժովի 8 լիագումար նիստերում և 6 մասնախմբերում քննարկվել են Հայաստան-Սփյուռք կրթական հարաբերությունների ամրապնդման, ազգային ինքնության պահպանման հետ կապված խնդիրներ: Հիմք ընդունելով  Սփյուռքի և Հայաստանի կրթական ոլորտի ներկայացուցիչների կողմից ներկայացված առաջարկությունները` ընդունվել է Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի բանաձևը.

•    Շարունակել աշխատանքները հայագիտության ոլորտի միասնական կրթական չափորոշիչների մշակման և ներդրման ուղղությամբ` սահմանելով ակնկալվող գիտելիքների նվազագույն և առավելագույն մակարդակները, դրանց գնահատման չափանիշները:
•    Միջպետական բանակցությունների միջոցով բարձրացնել Սփյուռքի կրթական հաստատություններում դասավանդվող հայագիտական առարկաների կարգավիճակը համապատասխան երկրներում օրենսդրորեն ամրագրելու հարցը  և նպաստել հայկական  կրթական հաստատությունները տվյալ երկրի պետական պետական կրթական ոլորտում  ներգրավելու գործընթացին:
•    Շարունակել ՀՀ ԿԳՆ-ի աշխատանքը սփյուռքահայ կրթօջախների համար ստեղծվող և ձեռքբերվող դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, հայագիտական գրականության տպագրության և ըստ անհրաժեշտության տարածման ուղղությամբ : Աշխատանքներ տանել Սփյուռքում հայալեզու կրթության վարկանիշի բարձրացման ուղղությամբ:
•    Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Սփյուռքի ուսուցիչների ու աշակերտների շրջանում կազմակերպել Հայոց ցեղասպանությանը նվիրված համահայկական միջոցառումներ, մշակել և տարածել ուսումնաօժանդակ նյութեր:
•    Շարունակել Սփյուռքի մանկավարժների վերապատրաստման դասընթացները Հայաստանում և տեղերում` իրականացնելով ինչպես մեկամսյա, այնպես էլ կարճաժամկետ խորհրդատվական դասընթացներ` առարկայական, մանկավարժամեթոդական,  հոգեբանական  ուղղություններով` շեշտադրելով  տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը:

•    Տարածաշրջաններում ուսումնամեթոդական աշխատանքների համակարգված իրականացման նպատակով՝ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում կազմակերպել վերապատրաստող ուսուցիչների դասընթացներ` համապատասխան ուսումնական ծրագրով:
•    Կատարելագործել վերապատրաստման ծրագրի և նրա արդյունքների մշտադիտարկման համակարգը:
•    Նախապատրաստական աշխատանքներ իրականացնել հեռավար վերապատրաստման ծրագրերի իրագործման ուղղությամբ:
•    Սփյուռքի կրթօջախները բարձրագույն մանկավարժական կրթությամբ մասնագետներեվ  համալրելու նպատակով` նպաստել գործող ուսուցչների հեռակա, լրացուցիչ կրթության կազմակերպմանը` առանձնացված ծրագրերով:
•    Սփյուռքում մանկավարժական կադրերի բացակայության դեպքում` աջակցել Հայաստանից  մանկավարժներ ապահովելով:
•    Աշխատանքներ տանել համահայկական վիրտուալ միջավայրի զարգացման ուղղությամբ` նպաստելով խորհրդաժողովի քննարկումների շարունակականությանը:
•    Նպաստել օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների գործունեությանը:

Ընդունված բանաձևում կարևորվել է նաև հայոց լեզվի ուսուցման, արևելահայերենի,  արևմտահայերենի, դասական ողղագրությամբ ձեռնարկների ստեղծման ու տարածման խնդիրը, ինչպես նաև նպաստել Հայաստանում հրատարակվող մանկապատանեկան ամսագրերում Սփյուռքին հատկացված բաժինների պատրաստմանը և դրանց էլեկտրոնային տարբերակների ստեղծմանը:
Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի մասնակիցները Սիրիայում ստեղծված իրավիճակի կապացությամբ նաև զորակցություն են հայտնել սիրիահայ համայնքին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։