Մեկնարկել է համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովը
2012-08-10
Այսօր տեղի է ունեցել համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարն ընթերցել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը. «Ջերմորեն ողջունում եմ համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին:
Հայաստանի Հանրապետությունը, որպես համայն հայության հայրենիք, պարտք և պարտականություն ունի ոչ միայն իր քաղաքացիների, այլև աշխարհասփյուռ ողջ հայության հանդեպ: Հայոց պետականության վերականգնմամբ հայապահպանության խնդիրներն աշխարհում դադարել են լինել միայն սփյուռքի կազմակերպությունների մտահոգությունը: Դրանք բոլորիս հանձնառությունն են: Ավելին՝ հայոց լեզվի նահանջը որոշ գաղթօջախներում սրություն է հաղորդել մեր կրթական հիմնահարցերին:Մենք խիստ կարևորում ենք նման խորհրդաժողովների անցկացումը, ինչպես նաև սփյուսքահայ կրթական հաստատությունների հետ աշխատելու մյուս՝ ոչ պակաս արդյունավետ ձևաչափերը: Մեր աջակցությունը պետք է լինի համակողմանի և անպայման նկատի առնի տեղական առանձնահատկությունները, որոնք անխուսափելի են հայկական սփյուռքի բազմազանության և սփռվածության պարագայում:Խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ,Հայոց լեզվի և հայության դարավոր երթը շարունակվում է՝ հատկապես ձեր ջանքերով և ձեր շնորհիվ: Մաղթում եմ ձեր հայրենանվեր առաքելությունն իրականացնելու նոր ուժ ու եռանդ: Վստահ եղեք, որ ի դեմս հայոց պետականության՝ դուք ունեք հուսալի թիկունք:Հաջողություն եմ մաղթում խորհրդաժողովի աշխատանքներին, որը ձեր մեծ գործի բաղկացուցիչն է»:
Միջոցառմանը բացման խսքով հանդես է եկել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը՝ նշելով, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվող խորհրդաժողովներն անցկացվում են երկու տարին մեկ և նպատակ ունեն քննարկել արտերկրում հայկական կրթօջախների հիմնահարցերը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման ուղիները: «Մայրենի լեզուն ուղեկցում է մարդուն ողջ կյանքի ընթացքում, որի պահպանման խիստ կարևոր դերը Սփյուռքում վերապահված է հայերենի ուսուցիչներին: Ավանդական դարձած համահայկական խորհրդաժողովները նպատակ ունեն քննարկել սփյուռքի կրթօջախներում առկա խնդիրները և լուծումներ առաջարկել»,- նշել է Կ. Հարությունյանը: Խորհրդաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովին, որն անցկացվում է օգոստոսի 10-14-ը, մասնակցում են շուրջ 150 գործիչներ 25 երկրներից: Նախատեսվում են քննարկումներ 2010 թ. 4-րդ խորհրդաժողովի բանաձևի դրույթների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների, ծրագրամեթոդական առկա հիմնահարցերի, կադրերի պատրաստման և վերապատրաստման, փորձի փոխանակման, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նախատեսվող միջոցառումների, ինչպես նաև Սփյուռքում ազգային կրթադաստիարակչական հետագա քայլերի վերաբերյալ: Առաջին անգամ խորհրդաժողովը անցկացվել է 2004թվականին: Նախորդ կրթական խորհրդաժողովներում են սկիզբ առել համահայկական նկարչական մրցույթի, համահայկական բնագիտական օլիմպիադայի (որը առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին) գաղափարները: Քննարկումների արդյունքում ձևավորվել է «Սփյուռքի կրթօջախներին դասագրքերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի մշակում և տրամադրում» պետական ծրագրի բովանդակությունը, Սփյուռքում մանկավարժական և կրթական գործիչների պարգևատրման կարգը, ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը և այլն: Խորհրդաժողովին մասնակցում են թեմական և ուսումնական խորհուրդների, Սփյուռքում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող կազմակերպությունների և հաստատությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, կրթական հարցերով պատասխանատուներ, հայկական կրթօջախների տնօրեններ, տեսուչներ և ուսուցիչներ: Խորհրդաժողովը գումարվում է բաց հրավերի տարբերակով:












