Սոցիալական գործընկերության ևս մեկ օրինակ
2012-07-25
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աջակցությամբ Գյումրու պետական տեխնիկական քոլեջում այսօր գործարկվել է նոր մասնագիտատեխնիկական հրապարակ, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը, Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, Գյումրիում ՌԴ-ի գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարը և այլ պաշտոնատար անձինք:
Կարևորելով սոցիալական գործընկերության առաքելությունը մասնագիտական կրթության զարգացման գործընթացում՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ՀԿԵ-ի և քոլեջի համագործակցությունը պետք է լավ հիմք և օրինակ ծառայի այլ մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների միջև նման համագործակցության ձևավորման համար: Արմեն Աշոտյանը հավելել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում մասնագիտական կրթության զարգացման և որակյալ կադրերի նախապատրաստման խնդիրներին:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշել է, որ ընկերությունը Հայաստանում հատուկ ուշադրություն է դարձնում կադրերի նախապատրաստման գործընթացին. այդ ուղղությամբ համապատասխան պայմանագրեր են կնքվել հայկական և ռուսական բուհերի հետ: Միաժամանակ Վ.Ռեբեցը տեղեկացրել է, որ ՀԿԵ-ն շարունակելու է համագործակցությունը Գյումրիի պետական տեխնիկական քոլեջի հետ:
Հյուրերը շրջել են հրապարակում, որը լիովին բարեկարգվել է և օգտագործվելու է տեխնիկական քոլեջի ուսանողների ուսուցանման, ինչպես նաև տվյալ կրթական հաստատություն գործուղվող ՀԿԵ-ի աշխատողների վերապատրաստման համար: Միջոցառման ընթացքում հյուրերը ծանոթացել են նաև քոլեջի տեխնիկական հագեցվածությանը: