Երթևեկության կանոններն` առցանց

2012-07-10

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Dasaran.am» կրթական ծրագրի նախաձեռնած, ՀՀ կրթության և գիտության նախարարության ու ՀՀ ոստիկանության աջակցությամբ իրականացվող «Ավտոդպրոց» նախագծի շնորհանդեսը: Նախագծի իրականացմանն օժանդակել է «Dasaran.am»-ի գլխավոր հովանավոր« ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
Նախագծի շնորհանդեսին մասնակցել են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը և «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը: 
ԿՏԱԿ-ի տնօրեն Ա. Պողոսյանը նշել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խրախուսում է հայալեզու կրթական էլեկտրոնային բովանդակության տարածումը` այդ համատեքստում կարևորելով  «Ավտոդպրոց» նախագծի գործարկումը, որը, ըստ ԿՏԱԿ-ի տնօրենի, առաջին հերթին ուղղված է աշակերտների, ինչպես նաև նրանց ծնողների և վարորդների» երթևեկության անվտանգության կանոննների իրազեկման մակարդակի բարձրացմանը: «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը նշել է, որ ծրագիրն աշակերտների շրջանում երթևեկության կանոնների իմացությունը խրախուսելու նպատակով նախատեսում է նաև անցկացնել բազմաթիվ մրցույթներ, որոնք, Ս. Ալոյանի համոզմամբ,  աշակերտների գիտելքի հարստացման լուրջ խթան կհանդիանան: «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիրը հավաստիացրել է, որ ծրագիրը հասանելի կլինի ոչ միայն «Dasaran.am»-ում գրանցված բաժանորդներին, այլև յուրաքանչյուր քաղաքացու, ով ցանկանում է առցանց սովորել երթևեկության կանոնները: Ծրագրի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա վարորդական իրավունքի տեսական քննությունից առաջ առցանց վերապատրաստվել:
«Dasaran.am» կրթական ծրագիրը, որի  առաքելությունն է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել Հայաստանում կրթության որակի բարձրացմանը, գործում է 2009 թվականից: Այն  հասանելի է արդեն Երևանի և ՀՀ մարզերի 345 դպրոցներում: Ծրագրի շրջանակում 2011թ. օգոստոսին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի` ծրագիրը ստացել է պետական հովանավորություն և դարձել պարտադիր առաջին փուլում Երևանի, ապա ՀՀ բոլոր մարզերի դպրոցների համար: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ ծրագրի՝ նախկինում վճարովի ծառայությունները 2011թ. օգոստոսից դարձել են լիովին անվճար: 
Ծրագրի նպատակն է դյուրացնել  ուսուցիչ-աշակերտ-ծնող կապը, ինչպես նաև ամրապնդել որակյալ կրթության անհրաժեշտության և կարևորության գաղափարը, բացահայտել ու խրախուսել աշակերտներին ներդպրոցական, միջդպրոցական և համահայկական ինտելեկտուալ մրցույթների, խաղերի միջոցով, ինչպես նաև ձևավորել աշակերտների, ծնողների և ուսուցիչների հաղորդակցման հատուկ համակարգ և բարձրացնել դպրոցների գործունեության թափանցիկությունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։