Հայ-ռուսական համագործակցություն հումանիտար ոլորտում` նոր հեռանկարներ և ծրագրեր
2012-07-09
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի` ԱՊՀ անդամ պետությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչևին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև առկա համագործակցության ամրապնդման և ընդլայնման, ինչպես նաև նախանշված ծրագրերի զարգացման հեռանկարները: Զրուցակիցները հիմնականում քննարկել են Հայաստանում ռուսաց լեզվի և Ռուսաստանի Դաշնությունում հայոց լեզվի պահպանման և զարգացման, Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարանին` ազգային գիտահետազոտական կենտրոնի կարգավիճակ շնորհելու, Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ հիմնելու, ռուսական գիմնազիայի, ինչպես նաև համատեղ կրթական ծրագրերի իրականացման, ուսուցիչների որակավորման բարձրացման հարցեր: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև այս տարի Երևանում նախատեսվող ԱՊՀ անդամ երկրների ռուսաց լեզվի ուսուցիչների 2-րդ համագումարի նախապատրաստաման և անցկացման հարցեր:
Հանդիպման ավարտին Կ.Կոսաչևը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև հասարակական կապերի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար նախարար Արմեն Աշոտյանին է հանձնել «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության պատվո շքանշան: