Ա. Աշոտյան. Աննախադեպ հանդարտ քննություններ
2012-07-03
Հուլիսի 2-ին մեկնարկել է պետական ավարտական և միասնական ընդունելության քննությունների լրացուցիչ փուլը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է ԵՊՀ-ում տեղակայված քննակենտրոն, որտեղ ընթանում էր «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննությունը: Նախարարը մինչ քննության մեկնարկը շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, հետաքրքրվել, թե ինչ խնդիրներ ունեն և հաջողություն մաղթել նրանց:
ՀՀ ԿԳ նախարարը, գնահատելով ընդունելության քննությունների միասնական քննությունների հիմնական փուլը, որն արդեն ավարտվել է, նշել է, որ դրանք անցել են աննախադեպ հանդարտ մթնոլորտում.
«Աննախադեպ հանդարտ քննություններ են ընթանում, դժգոհությունների, լարվածության չափաբաժինը կտրուկ նվազել է: Ես չեմ ասում, որ անցկացնում ենք իդեալական քննություններ, այլ ասում եմ, որ դրանք այս տարի համեմատաբար առավել «դիմորդամետ» են: «Հայոց լեզու և գրականություն» ու «Մաթեմատիկա» առարկաների ընդունելության քննությունները անցկացվեցին շտեմարանային եղանակով, այսինքն՝ դրանք նախապես կանխատեսելի էին»,-նշել է նախարարը և հավելել, որ «Հայոց լեղու և գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաների այս տարվա փորձը համարում է հաջողված: Շտեմարանային մեթոդը, նախարարի խոսքով, հաջորդ տարվանից կկիրառվի նաև մյուս առարկաների համար: «Ես չեմ հանդիպել զանգվածային դժգոհությունների՝ թեստերի հետ կապված: Որևէ տեսակի բողոքներ՝ կապված թեստերի բարդության հետ՝ չի եղել: Իսկ ընդհանրապես քննական թեստի դժվարությունը բացասական երևույթ չէ. թեստերը պետք է ներառեն ճիշտ և հավասարակշռված ծանրությամբ առաջադրանքների խումբ, իհարկե բարդ հարցեր ևս պետք է լինեն: Ինչ վերաբերում է թեստերի վերաբերյալ որոշ քննադատություններին, ապա դրանք, ըստ նախարարի, հիմնականում մասնագիտական մոտեցումների տարբերությամբ են պայմանավորված: Արդեն մեկնարկել են բուհերի բանավոր քննությունները և առարկայական համապատասխան հանձնաժողովներին հանձնարարվել է աշխատել առավելագույն օբյեկտիվության սկզբունքով:
«Վստահ եմ, որ այս տարվա քննությունները պատմության մեջ կմնան իբրև ամենաարդար, ամենահանգիստ, ամենաօբյեկտիվ քննություններից մեկը»,- նշել է Արմեն Աշոտյանը` հիշեցնելով, որ որպես նախարար իր առջև դրված կարևոր խնդիրը, այն է՝ քննությունները հայ հասարակության համար դարձնել սովորական երևույթ, հասարակությունը երկուսուկես ամիս «չապրի» քննություններով, լուծված է: Նախարարը պատասխանել է նաև ծնողների և լրագրողների հարցերին:
ԵՊՀ -ում տեղակայված քննակենտրոնում «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննության մասնակցության համար դիմում-հայտ ներկայացրած 269 դիմորդներից չեն ներկայացել 18-ը:
Միասնական քննությունների լրացուցիչ փուլին մասնակցում են օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդները, բանակից զորացրվածները, միջին մասնագիտական կրթական հաստատությունների շրջանավարտները, ինչպես նաև հիմնական փուլից հարգելի պատճառով բացակայածները: