Տեղի է ունեցել ՄԿՈՒԶԱԽ-ի հերթական նիստը
2012-06-22
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահի տեղակալ, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Նիստին մասնակցել են պետական կառավարման մարմինների, Հայաստանի գործատուների հանրապետական միության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ինչպես նաև արհեստակցական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստի օրակարգում ընդգրկված էր չորս հարց` ՄԿՈՒԶԱԽ-ի 2012թ. 11-րդ նիստի արձանագրության ներկայացում և հաստատում, ՄԿՈՒ համակարգի մասնագիտությունների վերանայված ոլորտների ներկայացում, ԶՊԾԳ-ի կողմից կազմակերպած ուսուցման կարճաժամկետ դասընթացների իրականացումը 12 տարածաշրջանային քոլեջների մասնակցությամբ և ՄԿՈՒ ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ կատարված և կատարվելիք աշխատանքների ներկայացում: Բացելով նիստը` խորհրդի նախագահի տեղակալ Մանուկ Մկրտչյանն անդրադարձել է միջին մասնագիտական կրթության ոլորտում առկա մի շարք խնդիրների և խորհրդի անդամներին հորդորել անցկացնել բաց և արդյունավետ քննարկում: Օրակարգի հիմնական հարցերը ներկայացրել և համապատասխան պարզաբանումներով է հանդես եկել ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը, ով, մասնավորապես, ներկայացրել է 2011 թվականին կատարված աշխատանքները և նախանշել հետագա ծրագրերը: Ռ. Աբրահամյանը տեղեկացրել է, որ վերջերս Հայաստանում էր Եվրամիության մշտադիտարկում իրականացնող խումբը, որի անդամները տեղում ծանոթացել են իրականացված աշխատանքներին, և շուտով կներկայացվի համապատասխան եզրակացությունը: Բացի այդ, վարչության պետը ներկաներին տեղեկացրել է, որ շուտով կձևավորվեն նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության ոլորտում պետական կրթական չափորոշիների մշակման աշխատանքային խմբերը, որոնց գործունեության արդյունքում մինչև սեպտեմբեր պատրաստ կլինեն համապատասխան չափորոշիչները: Ռ. Աբրահամյանն անդրադարձել է նաև մի շարք նախատեսվող ծրագրերի, մասնավորապես, տեղեկատվական կառավարման համակարգի ներդրման, քոլեջների տնօրենների ընտրության և ղեկավար անձնակազմի կարողությունների բարձրացման, 12 տարածաշրջանային և հանրապետության մյուս միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև համապատասխան ցանցի ստեղծման, ինչպես նաև քոլեջ-բուհ համագործակցության ընդլայնման աշխատանքներին:
Նիստի ավարտին ծավալվել է բաց և շահագրգիռ քննարկում ներկայացված հարցերի շուրջ: