«Լավագույն ուսուցիչ» մրցույթ

2012-06-22

ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ»  մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը:  Մրցույթն անցկացվել է 5 առարկայական խմբերի՝ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն»,   բնագիտական՝ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների ուսուցիչների և դասվարների միջև: Դասվարները մրցույթում ներառվել են անցյալ տարվանից:   Մրցույթի  արդյունքները կամփոփվեն մինչև  հուլիսի 1-ը, իսկ հաղթողների անունները կհրապարակվեն սեպտեմբերին: 
Սահմանված կարգի համաձայն՝ եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները կստանան պատվոգրեր, մրցանակային առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար նախատեսված են նաև  դրամական պարգևներ:
Մրցույթի եզրափակիչ փուլին  մասնակցել է 39 ուսուցիչ: Եզրափակիչ փուլը բաղկացած է երկու` բանավոր և գրավոր մասերից, որոնք  անցկացվում են միևնույն օրը: Բանավոր փուլի ընթացքում  կազմակերպվում են քննարկումներ և բանավեճեր,  իսկ թեստային փուլը ներառում է առարկայի դասավանդման մեթոդների վերաբերյալ  հարցաշար:
Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ արդեն 9-րդ տարին անընդմեջ: Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, հոգեշնորհ Տեր Վարդան աբեղա Նավասարդյանը, կարևորելով ձևավորված համագործակցությունը, ընդգծել է, որ մրցույթի  նպատակն է հանրային և հոգևոր կյանքում մանկավարժի դերի և հեղինակության բարձրացումը: Նա նաև նշել է, որ նախատեսվում է   մրցույթի շրջանակն ընդլայնել՝ առաջիկա տարիներին  կընդգրկվի նաև «լավագույն դաստիարակ» անվանակարգը, որպեսզի  նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժները ևս հնարավորություն ունենան մասնակցել մրցույթին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։