Ամփոփվել են եռամյա ծրագրի արդյունքները

2012-06-20

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ-GIZ) այսօր կազմակերպել էին  խորհրդաժողով` «Մասնագիտական կրթության հեռանկարները Հայաստանում» թեմայով: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը: Ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին՝ Կարինե Հարությունյանն  ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է միջին մասնագիտական կրթության համակարգի զարգացումը: 
Այդ նպատակով կառավարության որոշմամբ 2008 թվականից ստեղծվել և գործում է Մասնագիտական կրթության և ուսուցման  զարգացման ազգային խորհուրդը, որը նպատակ ունի նպաստել կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդմանը: «Այս համատեքստում շատ կարևոր է, որ ինչպես Եվրամիության, այնպես էլ առանձին անդամ երկրների աջակցությունը Հայաստանի ՄԿՈՒ համակարգին»,- նշել Կ. Հարությունյանը և ընդգծել, որ  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցության ծագիրը, ըստ ԿԳ նախարարության և ուսումնական հաստատությունների գնահատման, արդյունավետ է եղել:
Սեմինարի ընթացքում նաև ամփոփվել են «Դեպի զբաղվածությունը կողմնորոշված որակավորումը Հայաստանի տնտեսական զարգացման առանցքային ոլորտներում» եռամյա ծրագրի (2009-2012) արդյունքները, որը նպատակ  է ունեցել  աջակցել կարողությունների զարգացմանը: Խորհրդաժողովին մասնակցել են նաև միջազգային կազմակերպությունների, կրթության ոլորտի  ներկայացուցիչներ: Բացի  ծրագրի արդյունքների ամփոփումից կազմակերպվել են նաև թեմատիկ քննարկումներ` մասնագիտական կրթության և էլեկտրոնային ուսուցման, ՄԿՈՒ կառույցների և մասնավոր հատվածի փոխգործակցության, ինչպես նաև ՄԿՈՒ համակարգի և մեծահասակների կրթության փոխկապակցվածության վերաբերյալ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։