Նախարարն արձագանքել է աշակերտի նամակին

2012-06-19

Հունիսի 15-ին կազմակերպված  «Անգլերեն» առարկայի միասնական քննությունից հետո Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի 12-րդ հումանիտար1 դասարանի աշակերտ Մովսիսյան Գևորգը նամակով դիմել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, որը հրապարակվել էր նաև մի շարք էլեկտրոնային պարբերականներում: Նախարարի հանձնարարությամբ աշակերտի նամակն ուղարկվել է Գնահատման և թեստավորման կենտրոն՝ ուսումնասիրության:
Այսօր ստացվել է ԳԹԿ-ի մասնագիտական պատասխանը, որում, մասնավորապես, նշվում է. «Թեստերի բոլոր 4 տարբերակները բնականաբար չեն կարող լինել բացարձակ նույնական, ուստի որոշակի տարբերություններ թեստային առաջադրանքներում պետք է լինեն: Այդ տարբերությունները, բնականաբար, կարող են ազդել թեստերի բարդության աստիճանի վրա:
Հարկ է նշել, որ բարդության աստիճանը թեստաբանական տերմին է, և դրա ճշգրիտ մեծությունը հայտնի է դառնում (հաշվվում է) վիճակագրական վերլուծություններից հետո: Հաճախ առաջին հայացքից բարդ թվացող թեստը իրականում պարզվում է ավելի հեշտ է և հակառակը: 
Բարեբախտաբար, այս տարվա «Անգլերեն» առարկայի միասնական քննության պարագայում թեստերի բոլոր 4 տարբերակներն ունեցել են գրեթե նույն միջին ցուցանիշները` 13.23, 13.24, 13.21, 13.14, ինչը հազվագյուտ երևույթ է և բնութագրում է թեստերի համարժեքությունը՝ բարդության տեսանկյունից»:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։