Բողոքներ գրեթե չկան

2012-06-12

Այսօր մեկնարկել է «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը, որին մասնակցել է 8957 դիմորդ: Առավոտյան Երևանի պետական համալսարանում տեղակայված քննակենտրոն է այցելել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:
Նախարարի պաշտոնակատարը մինչ քննության մեկնարկը շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, հետաքրքրվել՝ արդյոք նրանք գոհ են նոր շտեմարաններից, հարցրել, թե ով ուր է դիմել և այլն: Իսկ դրսում Արմեն Աշոտյանը զրուցել է դիմոդներին սպասող ծնողների հետ: Ընդհանուր առմամբ, ծնողներն այս տարի գոհ են քննությունների արդյունքներից:

Նախորդ քննությունը՝ «Հայոց լեզու և գրականություն»  առարկան,  շտեմարանների շնորհիվ դիմորդները հեշտությամբ են հաղթահարել: «Քանի որ շտեմարանները շուտ էին հրապարակվել, դիմորդները երկար ժամանակ ունեցան պատրաստվելու, և արդյունքները գոհացնող են եղել»,- նախարարի պաշտոնակատարի հետ զրույցում նշել են ծողները:
Նրանք Արմեն Աշոտյանին առաջարկել են, որ  մյուս առարկաների համար ևս  քննությունները լինեն  շտեմարանով: Ծնողներից մեկն էլ առաջարկել է տղաներին արտոնություններ տալ, քանի որ, ըստ նրանց, երկու տարի բանակում ծառայելուց հետո, նրանք ի վիճակի չեն լինում շարունակել ուսումը: Նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը նշել է, որ այդ պնդման հետ համամիտ չէ` հավելելով, որ իրենց կուրսում բանակում ծառայած տղաներն ավելի կազմակերպված և լավ էին սովորում:  Արմեն Աշոտյանը բակում հավաքված ծնողներին խոստացել է, որ  տարեցտարի ընդունելության քննություններն ավելի կհեշտանան, փոխարենը` կդժվարանա բուհում սովորելը:  ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: Անդրադառնալով այս տարվա երկու շտեմարանային քննություններից առաջինի՝ «Հայոց լեզու և գրականություն»  առարկայի  արդյունքներին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ շտեմարանների ներդրման համար հիմք է հանդիսացել նախորդ տարիներին հասարակության կողմից առավել շատ հնչեցված քննադատությունները, որոնք տեղ են գտել նաև ԶԼՄ-ներում: «Քննադատությունների զգալի մասը վերաբերում էր թեստերի որակին, և մասնակի էին դժգոհությունները կազմակերպչական խնդիրներից՝ հատկապես «Հայոց լեզվի»  և «Մաթեմատիկայի»  քննությունների մասին է խոսքը: Այս տարի  այդ երկու հիմնական առարկաներից քննություններն ընթանում են շտեմարանային եղանակով: «Հայոց լեզվի և գրականության» քննությունն անցել է: Ոչ այդ օրը, ոչ էլ հաջորդ օրերին բողոքներ գրեթե չեն եղել: Անգամ մեր նախկին ամենասուր ընդդիմախոսների կողմից խրախուսական գնահատականներ եղան: Այսինքն՝ խնդիրը, որ դրել էինք մեր առջև՝ վերացնել ընդունելության քննությունների հետ կապված անհարկի  «աժիոտաժը», լուծված է: Ես հուսով եմ, որ «Մաթեմատիկայի» քննության դեպքում ևս մենք լավ արդյունքներ կունենանք, և դա կհանդիսանա լրացուցիչ ազդակ, որ մեր ընտրած ճանապարհը ճիշտ է և հետասյու բոլոր առարկաների քննությունները կկազմակերպվեն շտեմարաններով: Իհարկե, միջին միավորները, մասնավորապես հայերենի պարագայում, անցյալ տարվա համեմատությամբ բարձր են, ինչի արդյունքում մրցութային միավորների շեմն ավելի բարձր կլինի,- նշել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ բուհական ընդունելությունների հետ կապված կառավարության քաղաքականությունը հետևյալն է՝ հնարավորինս հեշտ ընդունվել և հնարավորինս  դժվարությամբ ավարտել: «Զանգվածային ընդունելությունները մեզ հնարավորություն են տալիս ապահովել յուրաքանչյուրի կրթական իրավունքը, իսկ պետական ավարտական քննությունների ավելի խստացումը մեզ թույլ է տալիս ապահովել, որ աշխատաշուկա մուտք գործեն համեմատաբար որակյալ մասնագետներ: Տեղերը ևս այս տարի բավականաչափ շատ են, և կարծում եմ` ընդունող հանձնաժողովը, որն առաջիկայում կձևավորվի, հնարավորություն կտա, որ դրական միավորներ ստացած բոլոր դիմորդները բարձրագույն կրթության հնարավորություն ստանան»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:
Անդրադառանալով բուհերի պետական ավարտական քննություններին` Արմեն Աշոտյանը նշել է, որ  այս տարի առաջին անագամ կիրառվել է նոր կարգը, որը պետական քննությունները ձայնագրելու, իսկ բուհի նախաձեռնությամբ նաև տեսագրելու հնարավորություն է նախատեսում: Սա բավականին արդյունավետ է դարձնում բողոքարկման համակարգը, և ուսանողների կողմից արձագանքները հիմնականում դրական են եղել: «Ես շատ ուրախ եմ, որ հասարակությունն այս տարի չի ապրում ընդունելության քննություններով: Ես առաջին անգամ եմ տեսնում, որ լարվածություն չկա, հայացքներն հանգիստ են, ուրախ են»,- նշել է Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով աշխատաշուկա-բարձրագույն կրթություն կապին` նա ասել է, որ  նախատեսվում է վերենայել մասնագիտությունների ցանկը, որպեսզի դրանք համապատասխանեն շուկայի պահանջարկին: «Այսօր առաջ են եկել նոր մասնագիտություններ, որոնց պահանջարկի ապահովման համար անհրաժեշտ է համապատասխան կրթական ծրագրեր ապահովել»,- շեշտել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ այժմ Համաշխարհային բանկի դրամաշնորհային ծրագրով իրականցվում է կրթություն–աշխատաշուկա կապի գնահատումը: Կարևորելով տնտեսվարողների ներգրավումը կրթական գործընթացում` նա նշել է, որ այն բուհերում, որտեղ կա համագործակցություն բուհի և բիզնես ոլորտի միջև, կրթության որակն ավելի բարձր է:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։