Կրթական նախաձեռնություն «չինական հրաշքի» հեռանկարով

2012-05-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չան Չունին: Հանդիպման ընթացում քննարկվել են կրթության ոլորտում  հայ-չինական համագործակցությանը առնչվող հարցեր: Մասնավորապես քննարկվել է Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ միջազգային ավագ դպրոց հիմնելու ծրագիրը: ՀՀ ԿԳ նախարարը չինական կողմին առաջարկել է մշակել նոր հուշագրի նախագիծ, որը նախադրյալ կհանդիսանա   նախատեսվող ծրագրի գործնական փուլի մեկնարկի համար: 
Միաժամանակ Արմեն Աշոտյանն առաջարկել է քայլեր ձեռնարկել  կրթական ծրագիր մշակելու ուղղությամբ: Հայաստանի կրթության և գիտության նախարարությունն այս հարցում ակնկալում է չինացի մասնագետների աջակցությունը:
Դեսպան Թիան Չան Չունն  առաջարկն ընդունելի է համարել, ընդգծելով, որ  2010 թվականին Հայաստանի նախագահը  Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի ժամանակ ներկայացրած  երկու երկրների կրթական համագործակցության ընդլայնմանը միտված առաջարկությունները որոշակիանում է ՀՀ ԿԳՆ-ի հետ համգործակցված աշխատանքի արդյունքում: Միաժամանակ դեսպանը նշել է, որ նախագծի իրականություն դառնալու դեպքում Հայաստանի չինարենի ուսուցմամբ  միջազգային դպրոցը կլինի ձևի և բովանդակության առումով բացառիկը նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում: ՀՀ ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ  հայ-չինական կրթահամալիրը մեծ հետաքրքրություն կառաջացնի ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանի այլ երկրներում: «Չինական  հրաշքի մասին ողջ աշխարհն է հիացմունքով խոսում: Ես հույս ունեմ, որ մենք  համատեղ ջանքերով   կկարողանանք Հայաստանում ստեղծել փոքրիկ չինական հրաշք»,- նշել է Արմեն Աշոտյանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են  նաև բարձրագույն կրթության ոլորտում  հայ-չինական համատեղ ծրագրերին,  կարևորվել են ուսանողների շարժունության ու փոխանակման երկկողմ ծրագրերի ընդլայնումը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։