Գործընթացը միտված է նոր և ժամանակակից կրթական պայմանների ապահովմանը

2012-05-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ապարանի ֆիզմաթ դպրոցի մանկավարժների հետ: Դպրոցի կոլեկտիվը մտահոգություն ուներ ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 231-N որոշման 3-րդ կետի հետ կապված: ՀՀ կառավարության հիշյալ որոշման  համաձայն` Արագածոտնի մարզպետարանի «Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է և  միացել ՀՀ ԿԳՆ «Ապարանի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին:
Ներկայացնելով կառավարության որոշումը` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ ֆիզմաթ դպրոցում աշխատող որևէ ուսուցիչ կրթական համակարգից դուրս չի մնալու. «Ոչ մի ուսուցիչ աշխատանք չի կորցնելու, դա ես ձեզ խոստանում եմ: Բոլոր ուսուցիչներն իրենց մանկավարժական աշխատանքը կշարունակեն Ապարան քաղաքի այլ դպրոցներում»,-  հավաստիացրել է Արմեն Աշոտյանը: Ներկայացնելով կառավարության որոշումը` նախարարն ընդգծել է, որ հաշվի առնելով աշակերտների քանակը, երկու ավագ դպրոցների գործունեությունը Ապարան քաղաքում արդյունավետ չէր ինչպես կրթության կառավարման, այնպես էլ կրթության որակի ու պայմանների ապահովման տեսանկյունից: Ապարան քաղաքում գործում է 2 հիմնական և 2 ավագ դպրոց: Ֆիզմաթ դպրոցն ունի 115, իսկ ավագ դպրոցը՝ 276 աշակերտ:  Բացի այդ ավագ դպրոցի շենքային և տեխնիկական տվյալները առավել բարենպաստ են: 350 աշակերտի համար նախատեսված ավագ դպրոցն ունի ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության նոր ժամանակակից լաբորատորիաներ, համակարգչային դասարաններ, էլեկտրոնային գրադարան, այսինքն՝ ժամանակակից կրթություն ապահովելու համար կարևոր և անհրաժեշտ պայմաններ: Նախարարը նշել է նաև, որ հաշվի առնելով Ապարան քաղաքում ֆիզիկամաթեմատիկական կրթության լավ ավանդույթները, տվյալ ավագ դպրոցում նման հոսք կձևավորվի և հատուկ դպրոցի սաներն իրենց ուսումը կշարունակեն ավագ դպրոցի այդ հոսքում: Նախարարը հավաստիացրել է, որ  «Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքը կօգտագործվի կրթական նպատակներով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։