Կրթությունն ու մշակույթը` գերակա ուղղություններ

2012-05-15

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կրինա Ռոդիքա Պրունարիուին: Ողջունելով դեսպանին` Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ ապրիլի 25-27-ը  նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվել է Բուխարեստում, որտեղ մասնակցել է Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին: Այցի շրջանակում քննարկումներ են եղել Բոլոնյան գործընթացի հետամուտ խմբի և այլ շահառուների միջև, ինչպես նաև մշակվել է հաջորդ տարիների գործողությունների ծրագիրը: 
Ըստ այդմ` 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին ընդառաջ Հայաստանն առաջիկա երեք տարիների ընթացքում կզբաղվի Բոլոնիայի գործընթացի բարեփոխումների համակարգմամբ: Նախարարն իր գոհունակությունն է հայտնել ռումինական կողմի` բարձր մակարդակով կազմակերպած գագաթաժողովի վերաբերյալ` նշելով, որ այս գործընթացում Ռումինիան շատ բարձր նշաձող է սահմանել: Ուստի, երկու կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել` փորձի փոխանակման և հայկական կողմին Քարտուղարության փոխանցման տեսանկյունից: Միաժամանակ Ա. Աշոտյանը դեսպանին տեղեկացրել է, որ հունիսի 27-29-ը Երևանում նախատեսվում է Բոլոնիայի գործընթացի քարտուղարության պաշտոնական փոխանցումը հայկական կողմին, որին կմասնակցեն նաև Ռումինիայի, Կիպրոսի, Բոսնիա և Հերցոգովինայի կրթության և գիտության նախարարները: Նախարարը հույս է հայտնել, որ այդ ընթացքում տեղի կունենան նաև երկկողմանի հանդիպումներ:
Դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուն իր հերթին նշել է, որ իրավամբ երկու երկրների հարաբերություններում կրթությունն ու մշակույթը  գերակա ուղղություններ են: Այս համատեքստում դեսպանն անդրադարձել  է միջպետական համաձայնագրերի շրջանակում ռումինական կողմի` հայ ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների խնդրին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ռումինական համատեղ գիտական նախագծի ֆինանսավորման, Ռումինիայում հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության և Բուխարեստի համալսարանում հայոց լեզվի զարգացման կենտրոնին վերաբերող հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։