Ամփոփվել են ՀՀ-ԻԻՀ չորսամյա համագործակցության արդյունքները

2012-05-11

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղաիանի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` նշելով, որ կրթության և գիտության ոլորտում ավանդաբար լավ հարաբերություններ ունեցող հայ-իրանական կապերը դեսպանի անձնական ներգրավման շնորհիվ նոր հեռանկարներ և զարգացումներ  են ստացել: 
«ԻԻՀ կատարած պաշտոնական այցելություններն անջնջելի տպավորություն են թողել ինձ վրա` Իրանի քաղաքակրթության, ժողովրդի և պետության զարգացման տեսանկյունից: Կրոնական տարբերությունները երբեք խոչընդոտ չեն կարող լինել նույն արժեքների վրա խարսխված ժողովուրդների հարաբերությունների համատեքստում: Ուզում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել մեր հայրենակիցների անունից, որոնց, լինելով ԻԻՀ քաղաքացի, հնարավորություն է ընձեռվել կրթություն ստանալ մայրենի լեզվով և չկորցնել ազգային ինքնությունը»,-նշել է Ա. Աշոտյանը և երկու երկրների ժողովուրդներին մաղթել խաղաղություն և բարեկեցություն:
Դեսպանը, ի մի բերելով իր պաշտոնավորման չորս տարիները, նշել է, որ վերջին տարիների ընթացքում հիմք է դրվել արդյունավետ համագործակցության`  մի շարք փոխայցելություններ, երկկողմ պայմանագրեր, որոնց արդյունքում մեծացել է ԻԻՀ ուսանողների հոսքը հայաստանյան բուհեր, ինչպես նաև արձանագրվել է մեծ առաջընթաց գիտակրթական ոլորտում: Դեսպանն ընդգծել է, որ երբեք չի մոռանա հայ ժողովրդի ջերմությունն ու հյուրընկալությունը և հույս հայտնել, որ այսուհետ ևս նախանշված բոլոր ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։