Հայ ուսուցիչը մեծարման, գնահատման և բարի խոսքեր լսելու կարիք ունի

2012-05-14

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված  Հայաստանի, Արցախի, Ջավախքի  230 ուսուցիչների պարգևատրման արարողությանը, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության և գիտության նախարարության ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում: Ուսուցիչներից  յուրաքանչյուրը պագևատրվել է  200 հազարական դրամի չափով: ՀՀ ԿԳ նախարարը, կարևորելով մասնավոր բարեգործական կառույցների կողմից նմանատիպ նախաձեռնությունների դերը, ընդգծել է, որ պետական հոգածությունից բացի ուսուցիչն ունի նաև հասարակության կողմից մեծարանքի անհրաժեշտություն:
«Հայ ուսուցիչն այսօր մեծարման, գնահատման, բարի խոսքեր լսելու կարիք ունի: Սա մեծարանքի յուրօրինակ դրսևորում է: Ունենք քաղաքացի դաստիարակելու հրամայական, ազգային ինքնության պահպանման կարիք, ժամանակակից աշխարհում մրցունակ ինտելեկտով զինված հայի կերպար կերտելու կարիք, որոնք ապահովում են ուսուցիչները»,- նշել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ  պարգևատրված ուսուցիչներն ընտրվել են հետևյալ սկզբունքով` Հայաստանի ուսուցիչները` Հայաստանի, Արցախի ուսուցիչները՝ ԼՂՀ, իսկ Ջավախքի ուսուցիչները Վրաստանի  կրթության եւ գիտության նախարարությունների կողմից:
Հայաստանից ընդգրկված են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի դպրոցների ուսուցիչներ: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Ջավախքի ուսուցիչները ներկա չեն միջոցառմանը, քանի որ Վրաստանի կրթության և գիտության նախարարության կողմից համապատասխան համաձայնեցման գործընթացը դեռ ավարտված չէ: Նախարարը տեղեկացրել է, նաև, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը մոտ երկու ամիս առաջ ՀՀ ԿԳՆ-ի հետ կնքել է համաձայնագիր, որով նախատեսվում էր, որ հիմնադրամը մի քանի կրթական ծրագրեր է ֆինանսավորելու: Առաջին ծրագրով Հայաստանի բուհերում սովորող ավելի քան 200 ջավախքցի ու արցախցի ուսանողներ ստացել են  200 հազարական դրամ կրթաթոշակ:
Միջոցառմանը ներկա Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը նշել է, որ ուսուցիչների պարգևատրման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 150 հազար դոլարին համարժեք դրամ:  Արարողության ժամանակ պարգևատրված ուսուցիչներն իրենց շնորհակալություն են հայտնել միջոցառման կազմակերպիչներին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։