Տեխնիկական կրթության ոլորտում` լայնածավալ և խոշոր ներդրում
2012-05-04
ՀՀ կրթության և գիտության նախարարության` ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության` ի դեմս տնօրեն` Ջաթինդեր Չիմայի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ)` ի դեմս ռեկտոր Արա Ավետիսյանի, վկայությամբ ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Ա. Հեֆֆերնի, այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում «Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիա» հիմնադրելու մասին:
“Ուրախ եմ ազդարարելու ևս մեկ աննախադեպ ծրագրի մեկնարկի մասին, որը բազմաբաղադրիչ, հստակ նպատակ ունեցող գործողությունների շարք է, որի արդյունքում ամրապնդվում է նախևառաջ արդյունաբերություն-կրթություն կապը, երկրորդ` վերոնշյալ ծրագիրը բխում է ՀՀ կառավարության գերակայություններից` արդյունաբերական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բնագավառներում, ինչպես նաև կրթության ոլորտում նորարարությունների, ժամանակակից լաբորատորիաների բազայի և արդյունաբերության կապի հստակ ուրվագծման տեսանկյունից: Ծրագիրը բեկումնային է տեխնիկական կրթության ոլորտում, երբ ստեղծվում է գերժամանակակից գիտաարտադրական, գիտակրթական բազա և խոշոր իրադարձություն է պետություն-մասնավոր հատված-միջազգային կազմակերպություններ համագործակցության եռանկյան շղթայում”,-նշել է նախարարը և հավելել, որ ծրագիրն իրականացվելու է երկու-երեք տարվա ընթացքում և արժենալու է շուրջ 6 մլն ամերիկյան դոլար: “Հուշագիրը ստորագրած կողմերի ֆինանսական հատկացումներով և “Նեյշոնալ ինստրումենտս” տրանսազգային կորպորացիայի տեխնիկական, մեթոդական, բովանդակային աջակցությամբ կբացվի միևնույն բովանդակության և գաղափարաբանության մեջ կառուցված շուրջ 30 լաբորատորիա, որոնք թույլ կտան ուսանողների համար ապահովել տեսական և պրակտիկ դասընթացների համակցություն, ձևավորել համապատասխան հմտություններ և կարողություններ` գերժամանանակից միջավայր և գերժամանակակից կրթություն ապահովելու համար”,-ընդգծել է Ա. Աշոտյանը` նշելով, որ վերոնշյալ ծրագիրը վերջին տարիների ամենալայնածավալ և խոշոր ներդրումն է բուհերի ենթակառուցվածքների և լաբորատոր բազայի բարելավման գործում:
Հուշագրի նպատակն է տեխնոլոգիաների և նորարարության զարգացման նպատակով ուժեղացնել Հայաստանի ճարտարագիտության ոլորտի կրթական կարողությունները և հետազոտական ներուժը` արդիականացնելով ՀՊՃՀ կրթական և հետազոտական կառույցները` համաշխարհային ստանդարտներին համապատասխան: Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիան կընդգրկի ՀՊՃՀ վեց հիմնական ուղղություները ներկայացնող լաբորատորիաներ, այն է` ռադիոճարտարագիտություն և հաղորդակցության համակարգեր, կիբերնետիկա, էներգետիկա, էլեկտրաճարտարագիտություն, մեխանիկա և մեքենաշինություն, տրասնպորտ: Լաբորատորիան ուսանողներին կտրամադրի տեխնիկական դասընթացների ու հետազոտական աշխատանքի համակցման հնարավորություն` նրանց պրոֆեսիոնալ ճարտարագիտական աշխատանքի նախապատրաստելու նպատակով:
Համաձայն հուշագրի` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանձն է առնում վերանորոգել ՀՊՃՀ-ում ՀԱՃԼ-ին տրամադրվող տարածքը` ԱՄՆ ՄԶԳ Շրջակա միջավայրի աղտոտման նվազեցման և մշտադիտարկման ծրագրի (EMMP) չափանիշներին համապատասխան: ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է տրամադրել նոր սարքավորումներ, ինչպես նաև տեխնիկական օժանդակություն` ՀԱՃԼ աշխատակազմի և ղեկավարության վերապատրաստման, հիմնական վեց առարկաների գծով ճարտարագիտական ուսումնական ծրագրի բարելավման և դասախոսների կատարելագործման նպատակով: ՀՊՃՀ-ը հանձն է առնում համալսարանի և հրավիրված դասախոսների միջոցով կազմակերպել բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի կրթական ծրագրերով սովորող ուսանողներին դասավանդելու և հետազոտություններ իրականացնելու գործընթացը և ապահովել ՀԱՃԼ-ի տարածքի շահագործումն ու սպասարկումը` ծրագրի ընթացքում և ավարտից հետո: