Նորարարական բեկումնային ծրագիր` հանրակրթական դպրոցներում
2012-05-03
Համաձայն ՀՀ կառավարության «Հանրակրթության ոլորտի ուսումնական գործընթացում «Լոգո միկրոաշխարհներ» համակարգչային ուսուցողական միջավայրի ներդրման վերաբերյալ» որոշման՝ մինչև 2014 թվականը պետք է թարգմանել «Լոգո միկրոաշխարհներ» համակարգչային ուսուցողական միջավայրը, կատարել ինֆորմատիկայի առարկայական չափորոշիչների և ծրագրերի լրամշակում, մշակել համապատասխան ուսումնական նյութեր, փորձարկել դրանք, կատարել ուսուցիչների վերապատրաստում, ինչպես նաև կանադական LCSI կազմակերպությունից գնել համապատասխան լիցենզիա և փուլ առ փուլ ներդնել ՀՀ և Սփյուռքի դպրոցներում: Վերջին չորս տարիների ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Քվանտ» վարժարանի կողմից այդ ուղղությամբ կատարվել է հսկայածավալ աշխատանք, և այսօր ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված ծրագրի իրականացումն արդեն ավարտական փուլում է: Կատարվել են «Լոգո միկրոաշխարհներ» ուսուցողական միջավայրի և համապատասխան ձեռնարկների թարգմանությունները, ստեղծվել է ուսուցչի ձեռնարկ, ստեղծվել են ֆիզիկայի և մաթեմատիկայի վիրտուալ լաբորատորիաներ, վերապատրաստվել են շուրջ 30 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչներ, «Լոգո միկրոաշխարհներ» հայալեզու միջավայրը փորձարկվել է 5 դպրոցում: Գործընթացը լուսաբանելու և նրա թափանցիկություւնը ապահովելու համար ստեղծվել է www.armlogo.am կայքը: Այսօր արդեն որոշ կազմակերպությունների և անհատների հովանավորությամբ Հայաստանի ու Արցախի 20 դպրոցների համար ձեռք է բերվել համապատասխան լիցենզիա:
«Լոգո միկրոաշխարհներ» համակարգչային ծրագրավորման միջավայրը ժամանակակից համակարգչային ունիվերսալ ուսուցողական միջավայր է, որն ունի գրաֆիկական, անիմացիոն և ծրագրավորման լայն հնարավորություններ: Հայաստանի դպրոցների աշակերտներն առաջին անգամ հնարավորություն կունենան մայրենի լեզվով գրելով ծրագրավորման հրահանգները՝ ստեղծել համակարգչային ծրագրեր, ինչը, համաձայն կատարված փորձարկումների արդյունքների, կարող է բերել ՏՏ ոլորտով հետաքրքրվող աշակերտների թվի կտրուկ աճի և դառնալ հիմնաքար` ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման գործում: «Լոգո միկրոաշխարհներ» համակարգչային ծրագրավորման միջավայրի տեղայնացված տարբերակը Հայաստանի դպրոցականների համար կարող է ստեղծել բացառիկ հնարավորություն` աշխարհի տարբեր ծայրերում գտնվող Սփյուռքի հայկական դպրոցների՝ իրենց հասակակից աշակերտների հետ համատեղ, մայրենի լեզվով ստեղծելու ինտերակտիվ կրթական բովանդակություն:












