Երաժշտական նվեր բոլոր շրջանավարտներին

2012-04-23

ՀՀ  կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Վերջին դասին նվիրված երգի տեսահոլովակի շնորհանդես, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանը, երգի հեղինակ,  բանաստեղծ Լևոն Բլբուլյանը, երգիչ Մհերը և տեսահոլովակի ռեժիսոր Արեն Բայադյանը: Անդրադառնալով երգի ստեղծման պատմությանը` Ա. Աշոտյանը հայտնել է, որ երգի գաղափարը նախարարի ֆեյսբուքյան էջում առաջարկել է երգահան Լ. Բլբուլյանը:
«Այս երգը գալիս է համալրելու Վերջին դասին նվիրված երգերի շարքը և հարստացնելու աշակերտների երաժշտանոցը: Երգը հասանելի կլինի բոլոր դպրոցականների համար և հուսով եմ, որ Վերջին դասին նվիրված միջոցառումն աշակերտների համար կդառնա կրկնակի հաճելի, սպասելի և տոնական»,-նշել է Ա. Աշոտյանը` հավելելով, որ նախարարությունը ստեղծագործական խմբի հետ միասին երգը նվիրում է բոլոր շրջանավարտներին: Երգի հեղինակ Լ. Բլբուլյանը նշել է, որ յուրաքանչյուր երգ` ինչպես մարդն ունի իր ճակատագիրը և հույս հայտնել, որ տվյալ երգը կունենա երջանիկ ճակատագիր:
Շնորհանդեսի ընթացքում լրագրողներին հետաքրքրել է երգի և տեսահոլովակի ստեղծման համար նախատեսված դրամական միջոցների սկզբնաղբյուրը, որին ի պատասխան` Ա. Աշոտյանը նշել է, որ երգը կյանքի է կոչվել մասնավոր ներդրողների ֆինանսական հատկացումներով, և նախարարությունն իրականացրել է միայն կազմակերպչական աջակցություն: Նախարարն արձագանքել է նաև լրագրողներից մեկի առաջարկին` նման երգ ունենալ նաև` նվիրված առաջին դասին: Այս կապակցությամբ Ա. Աշոտյանը նշել է, որ կարելի է  ստեղծագործական խմբերի համար հայտարարել մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչված լավագույն ստեղծագործությունն էլ սեպտեմբերի 1-ի` գիտելիքի օրվա կապակցությամբ որպես նվեր կմատուցվի դպրոցականներին:
Երգ
Գործիքավորում

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։