Ուսումնական ձեռնարկների շնորհանդես
2012-04-20
ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնն (ՄԿՈՒԶԱԿ) այսօր կազմակերպել էր ուսումնական ձեռնարկների շնորհանդես, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի և Էկոնոմիկայի նախարարությունների, սոցիալական գործընկերների, ՄԿՈՒ ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների, ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ուսումնական ձեռնարկների հեղինակները:
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը մշակել և հրատարակել է 29 անուն ուսումնական ձեռնարկ և ուղեցույց: Եվս 19 ձեռնարկ մշակվել և հրատարակվել է ՄԱԿ-ի ՄԱԶԾ ՄԿՈՒ ծրագրի միջոցներով: Հեղինակային խմբերը ձևավորվել են սոցիալական գործընկերության սկզբունքով:
Շնորհանդեսի ընթացքում ուսումնական ձեռնարկների հեղինակները ոլորտի շահառուներին են ներկայացրել ձեռնարկների առանձնահատկությունները և աշխատանքի կատարման հիմնական սկզբունքները:
Եվրամիության կողմից Հայաստանին տրվող բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակում 2007թ. իրականացվում են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխման գործընթացները, որոնք հիմնականում ընդգրկել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների չափորոշիչների և մոդուլային ուսումնական պլանների մշակման ու ներդրման, ուսումնական հաստատությունների անձնակազմի վերապատրաստումների, ուսումնամեթոդական նյութերի արդիականացման, նյութատեխնիկական բազայի հարստացման և վերազինման, ինչպես նաև ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավման աշխատանքները:












