Համատեղ ջանքեր երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ

2012-04-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն  այսօր ստորագրել են  համատեղ հրաման, որի անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Հայաստան–պարենային ապահովության ծրագիր 2010» ծրագրից:
ՀՀ կրթության և գիտության նախարարը,  կարևորելով համատեղ աշխատանքը և  համալիր մոտեցումը, նշել է. 
«Երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կառավարության քայլերը համալիր լուծումներ են պահանջում: Գաղտնիք չէ, որ հատուկ դպրոցներում սովորող երեխաներն ունեն խնդիրներ: Կհամատեղենք երկու նախարարությունների ջանքերը` ամեն խնդրի հետևում տեսնելու կոնկրետ երեխային` իր առանձնահատկություններով և իրավունքներով»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշեց, որ  համատեղ հրամանով նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը սահմանված ժամկետում կկատարի ուսումնասիրություններ` պարզելու հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում գտնվող երեխաների կրթական և սոցիալական կարիքները, որոնց հիման վրա կմշակվեն երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրեր:

Որպես հիմնական խնդիր երկու  նախարարները նշել են սոցիալական պատճառներով հատուկ հաստատություններում կրթության առանձնահատուկ կարիք չունեցող երեխաների առկայությունը,   ինչը պետք է  հայտնաբերվի և բացառվի:
Ուսումնասիրությունների արդյունքում կմշակվի «Կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար Հայաստանի Հանրապետության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում միասնական կառավարում և դրանցում խնամվող երեխաների սոցիալական պաշտպանությունն ապահովող գործողությունների ծրագիրը», որը ևս կհաստատվի նախարարների համատեղ հրամանով:
Հայաստանի Հանրապետությունում շուրջ  2800 երեխա գտնվում է  23 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։