«Մեր բանակը 20 տարեկան է». ամփոփվել են մրցույթի արդյունքները

2012-04-18

ՀՀ պաշտպանության նախարարությունում ամփոփվել են «Մեր բանակը 20 տարեկան է» խորագրով համադպրոցական և համաբանակային շարադրությունների մրցույթի արդյունքները: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, ժամկետային զինծառայողներ, ուսուցիչներ, աշակերտներ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ շարադրություններն ընթերցելիս դժվար է զսպել իր հուզմունքը.
«Զարմանում եմ, թե ինչպիսի մաքրությամբ ու պարզությամբ են արտահայտում մեր զինվորներն ու աշակերտներն իրենց հույզերն ու վերաբերմունքը բանակի և հայրենիքի նկատմամբ: Դեպի հայրենիք և հայրենիքի պաշտպանը հանդիսացող ազգային բանակ տածած այդ պարզ, զուլալ և ջինջ զգացմունքը միավորել է այս աշակերտներին և զինվորներին, որոնք միմյանցից հայրուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա են գտնվել»:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է նմանաբնույթ միջոցառումների կարևորությունը` նշելով, որ դրանք նպաստում են մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը:
Մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար և «Մեր բանակը 20 տարեկան է» թեմայով լավագույնը ճանաչված շարադրությունների հեղինակներին դասավանդող հայոց լեզվի և գրականության մի շարք ուսուցիչներ և հեղինակ-ժամկետային զինծառայողներ պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրերով, իսկ հեղինակ-աշակերտները` շնորհակալագրերով: Լավագույն աշխատանքներ ներկայացրած մի շարք ժամկետային զինծառայողներ և աշակերտներ պատվոգրեր են ստացել պաշտպանության նախարարությունից, իսկ ուսուցչուհիներ` պարգևատրվել «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։