Գերմաներեն լեզվի ուսուցման նոր կենտրոն

2012-04-17

Երևանում  այսօր բացվել է գերմաներեն լեզվի ուսուցման  նոր կենտրոն, որը Հայաստանում հանդես է գալիս որպես Գյոթեի անվան ինստիտուտի ներկայացուցիչը և գործընկերը: Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչության պետնախարար Կորնելիա Պիպերի գլխավորած պատվիրակությունը:
 
 Մինչ բացման արարողությունը` նախարար Արմեն Աշոտյանն ու Գերմանիայի ԱԳ պետնախարար Կորնելիա Պիպերը պաշտոնական հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկվել են  հայ-գերմանական կրթական համագործակցությանն ու հեռանկարներին առնչվող հարցեր:Կարևորվել է գերմաներենի` որպես օտար լեզվի  ուսուցման որակի բարելավումը: Նախարարը պատրաստակամություն է արտահայտել աջակցելու, որպեսզի գերմաներենի ուսուցումը Հայաստանում դրվի ավելի լավ հիմքերի վրա: Նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է Հայաստանում գերմանական կողմի աջակցությամբ հիմնել գերմաներենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց: Գերմանիայի պետնախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին՝ առաջարկի համար: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է կրթության զարգացման հեռանկարներն ու բարեփոխման միտումները: Արմեն Աշոտյանը նշել է, որ  Հայաստանն ակտիվ գործունեություն է ծավալում Բոլոնիայի գործընթացի շրջանակում և 2012-15 թվականներին ստանձնել է Բոլոնիայի քարտուղարությունը: Քանի որ այս տարի Հայաստանը նշում է գրատպության 500-ամյակը, իսկ  Երևանը հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, նախատեսվում են տարբեր միջոցառումներ. «Մեզ համար հաճելի կլինի, որ գերմանական գիրքը նույնպես ներկայացված լինի մեր երկրում»,-ասել է ՀՀ ԿԳ նախարարը:
 Այնուհետև Կորնելիա Պիպերը և Արմեն Աշոտյանը մասնակցել են Գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի բացմանը: ՀՀ ԿԳ նախարարը, շնորհավորելով նորաբաց կենտրոնի մուտքը կրթական համակարգ, նշել է, որ վերջին մի քանի տարիներին հայ-գերմանական կրթական ծրագրերի ծավալը եռակի աճել է: « Գերմանիան մեր կարևոր կրթական գործընկերներից է: Մեր արժեհամակարգը խարսխված է կրթության վրա, ինչը կարևոր հանգամանք է եվրոպական ինտերգրացիայի ճանապարհին: Ես ուզում եմ հույս հայտնել, որ այս կենտրոնը կնպաստի, որ Հայաստանում բացվի Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղ»,-նշել է Արեմեն Աշոտյանը: Գերմանիայի ԱԳ պետնախարար Կորնելիա Պիպերը, իր ելույթում կարևորելով կենտրոնի բացումը, շեշտել է. «Ես շատ ուրախ եմ, որ իմ առաջին պաշտոնական այցը Հայաստան համընկել է այս կենտրոնի բացմանը, ինչը երկկողմ  քաղաքական հարաբերությունների արդյունք է: Ես հուսով եմ, որ Գերմաներեն լեզվի նորաբաց կենտրոնը կխթանի  երկկողմ կրթական քաղաքականության զարգացմանը և կնպաստի, որ գերմաներենը Հայաստանի քաղաքացիների համար դառնա արդյունավետ հաղորդակցության միջոց»:
Գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի տնօրեն Նելլի Սողոմոնյանը տեղեկացրել է, որ կենտրոնում գործում է  նաև գրադարան և ժամանակակից գրականությամբ համալրված ընթերցասրահ: Այն հնարավորություն կընձեռի նորագույն ուսումնական նյութերի և տեխնոլոգիաների կիրառմամբ սովորել գերմաներեն: Կենտրոնում կազմակերպվելու են գերմաներենի պարապմունքներ, իրականացվելու են մասնագիտական խորհրդատվություն և մասնագետների փոխանակման ծրագրեր: «Համոզված եմ՝ Գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնը հայ- գերմանական մշակութային երկխոսության լրացուցիչ հարթակ կհանդիսանա: Այստեղ նախատեսվում են  նաև մշակութային տարբեր միջոցառումներ կազմակերպել, որոնք կենտրոնը նաև հասարակական երկխոսության նոր հնարավորությունների և հանդիպումնների հաճելի վայր կդարձնեն»,- նշել է կենտրոնի տնօեն Նելլի Սողոմոնյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։