Ա. Աշոտյան. շուկայի հստակ պահանջարկին կրթության համակարգն արձագանքում է անմիջապես

2012-04-06

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել պարոն Ռեբեզին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության սոցիալական պարտավորություն ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ նախարարությունը շահագրգռված է կրթության ոլորտում մասնավոր հատվածի մասնակցությամբ: 
Ա. Աշոտյանը վստահեցրել է, որ նախարարությունը պատրաստակամ է կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք կնպաստեն ինչպես կրթության որակի զարգացմանը, այնպես էլ տնտեսություն-կրթություն կապի սերտացմանը և հավաստիացրել, որ ընկերության հետ համագործակցությունը կրթության ոլորտում շարունակական կլինի: «Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ այն ոլորտներում, ուր շուկան ձևավորում է հստակ պահանջարկ, մասնագիտական կրթության համակարգն անմիջապես դրան արձագանքում է, ինչպես դա տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների և բանկային համակարգի պարագայում», - նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ միջին մասնագիտական կրթության ոլորտին վերջին տարիներին նոր շունչ է տրվել, և համագործակցությունը մասնավոր բիզնեսի հետ` կոնկրետ մասնագիտությամբ կադրեր պատրաստելու ուղղությամբ, զարգացում է ապրում:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշել է, որ ընկերությունն ակտիվ համագործակցում է Գյումրու պետական տեխնիկական քոլեջի, Վանաձորի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ: Այդ համատեքստում տնօրենն անդրադարձել է նշված ուսումնական հաստատությունների դասասենյակների հագեցվածության, գրադարանները համապատասխան գրականությամբ համալրման, ՀՊՃՀ ուսանողների Ռուսաստանի Դաշնության համապատասխան բուհում կրթությունը շարունակելու հնարավորության և որակավորման բարձրացման խնդիրներին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։