Որակի ապահովումը` բարեփոխումների անկյունաքար

2012-04-06

Երևանի «Գլաձոր» համալսարանում այսօր տեղի է ունեցել Որակի ապահովման և կարիերայի կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Ղազարյանը,  բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ: Ողջունելով միջոցառման  մասնակիցներին` նախարարը նշել է, որ ամեն անգամ «Գլաձոր» համալսարան այցելության ընթացքում նա  ականատես է լինում զարգացման մի նոր ծրագրի և ընդգծել է ռեկտորի խստապահանջությունը` բուհի զարգացմանը միտված նոր նախաձեռնությունների կյանքի կոչման գործում: 
«Ուզում եմ շեշտել, որ կրթության և գիտության նախարարության համար չկա տարբերություն պետական և ոչ պետական բուհերի միջև: Մեր քաղաքականությունն ուղղված է բոլոր  բուհերի համար միասնական դաշտի և հավասար պայմանների ապահովմանը: Պետության համար գերակայություն է ոչ թե բուհի կազմակերպաիրավական ձևը, այլ որակյալ կրթական ծառայություների մատուցումը: Ցավոք, այսօր ոչ բոլոր պետական և ոչ պետական բուհերն են դա ապահովում: Եվ ուրախալի է, որ  «Գլաձորը»  այն առաջամարտիկներից է, որն աչքի է ընկնում իր մեծ դինամիզմով, բարեփոխումներում լիովին մխրճվածությամբ, պետական գերակայության շրջանակում միջոցառումների ապահովման ցանկությամբ»,-ընդգծել է Ա. Աշոտյանը` հավելելով, որ նմանատիպ կենտրոնների բացումը նաև հրամայական է միջազգային կրթական զարգացումների շարքում: «Որակի ապահովման խնդիրներն այսօր դարձել են անկյունաքար և սկզբնակետ. դրանից են ածանցվում մնացած բոլոր հարցերը` դիպլոմների ճանաչման, ֆինանսավորման և այլն: Վստահեցնում եմ, որ մեր քաղաքականությունն այս ուղղությամբ կրելու է շարունակական բնույթ: Մենք շահագրգիռ ենք, որ Հայաստանում շատ արագ իրականացվեն բոլոր այն բարեփոխումները, որոնք միտված են բարձրագույն կրթության ապահովմանը և մեր լիարժեք ինտեգրմանը եվրոպական բարձրագույն կրթական տարածք»,-նշել է նախարարը` ուսանողներին կոչ անելով կյանքի այս ժամանակահատվածը դիտարկել ոչ միայն երիտասարդության շրջանի հիշվող էջերից մեկը, այլև տարիներ, երբ կուտակվում է «ողջ կյանքի համար երբեք չարժեզրկվող և իր կայուն տեղն ունեցող տարադրամը, այն է` գիտելիքը»:
Միջոցառման ընթացքում ստորագրվել է համագործակցության հուշագիր «Գլաձոր» համալսարանի  և «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» հասարակական կազմակերպության միջև: Կազմակերպության նախագահ Արսեն Ղազարյանն իր խոսքում նշել է, որ առաջին անգամ փորձ է արվում նման համաձայնագիր կնքել ոչ պետական բուհի հետ:  Ըստ Ա. Ղազարյանի` նման համագործակցության նպատակն է օգնել ուսանողներին` ստանալ տնտեսության պահանջարկից բխող կրթություն և արժանավայել աշխատանք գտնել: Եվ որպես նախաձեռնության գործնական արդյունք` կազմակերպության նախագահն առաջարկել է ներկայացնել մեկ թեկնածություն` «Ապավեն» ընկերությունում աշխատելու համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։