Հաջողության ամենակարևոր գրավականը գիտելիքն է
2012-04-05
Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում մեկնարկել է «Կենսաբանություն» առարկայի հանրապետական օլիմպիադան: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը և ՀՀ կառավարությանն առընթեր Գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Ողջունելով և հաջողություն մաղթելով օլիմպիականներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է. «22 տարի առաջ ես էլ եմ մասնակցել «Կենսաբանության» օլիմպիադիային: Ցավոք, առաջին տեղը գրավել չստացվեց, բայց 3-րդ տեղին արժանանալ կարողացա:
ՀՀ ԿԳ նախարարը շրջել է նաև թիվ 118 դպրոցում՝ կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաներում, ներկա եղել գործնական դասի: «Հանրապետության դպրոցների 2/3-րդը այսօր կահավորված են ժամանակակից լաբորատորիաներով: Խնդրի վերջնական լուծումը նախատեսված է մոտ ապագայում: Առաջնային է նաև համակարգչային լաբորատորիաների պահանջարկը: Համակարգչային լաբորատորիաները ոչ միայն ինֆորմատիկայի դասավանդման համար են, այլ նաև այլ առարկաների՝ համապատասխան էլեկտրոնային բովանդակությամբ դասընթացների համար»,- նշել է նախարարը և հավելել, որ կարևոր է ավագ դպրոցների համագործակցությունը համապատասխան մասնագիտացմամբ բուհերի հետ, ինչը կբարձրացնի նախամասնագիտական կրթության արդյունավետությունը:
«Կենսաբանություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել են 97 աշակերտ Երևանից և մարզերից: Նախարարը խոստացել է, որ օլիմպիադայի լավագույն մասնակիցները ճամբարներում հանգստանալու ուղեգրեր կստանան:
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից անցկացվում են օլիմպիադաներ 16 առարկաներից, որնցից 2-ը՝ «Հայ եկեղեցու պատմություն» և «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկաների օլիմպիադաները մտցվել են վերջին 3 տարում:
ՀՀ աշակերտները 6 առարկաներից մասնակցում են նաև միջազգային օլիմպիադաների, որտեղից, որպես կանոն վերադառնում են տպավորիչ արդյունքներով և հաղթանակներով: Անցյալ տարի մեր դպրոցականները միջազգային օլիմպիադաներում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Աստղագիտություն», «Ֆիզիկա» առարկաներից:












