Ռուսաց լեզվի ուսուցիչների ասոցիացիայի 2-րդ համագումար

2012-04-04

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում այսօր բացվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ռուսաց լեզվի ուսուցիչների ասոցիացիայի 2-րդ համագումարը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վ. Կովալենկոն, ՌԴ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ, բուհերի և դպրոցների ռուսաց լեզվի մասնագետներ:
Ողջունելով համագումարի մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է. «Ռուսաց լեզուն համաշխարհային մշակութային և քաղաքակրթական ժառանգության մաս է, և ներկա դարաշրջանում ցանկացած մարդու համար, իր մայրենիի հիմքի վրա մի քանի օտար լեզուների, այդ թվում ռուսերենի,  իմացությունը նրա ապագայի հաջողության գրավականներից մեկն է: Ռուսաստանի Դաշնությունը մեզ համար կրթական բարեփոխումների իրականացման գործում խոշոր գործընկեր է,  և պատահական չէ, որ վերջին տարիներին երկկողմանի ծրագրերի իրականացումը զարգացման միտում ունի»: Ա. Աշոտյանը ներկաներին տեղեկացրել է, որ այս տարվանից բուհական ընդունելության քննությունների օտար լեզուների շարքում ավելացվել է նաև ռուսաց լեզուն:
2009 թվականին հիմնված հանրակրթական ուսումնական հաստատությունների ռուսաց լեզվի ուսուցիչների ասոցիացիայի 2-րդ համագումարի նպատակն է հանրագումարի բերել կատարված աշխատանքը և ուրվագծել հետագա խնդիրները:  Համագումարի ընթացքում քննարկվել են դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման, ռուսաց լեզվի ուսուցիչների մասնագիտական հմտությունների բարձրացման, դասավանդման նոր մեթոդիկաների կատարելագործման հետ կապված խնդիրներ:  Համագումարին մասնակցել է ՀՀ մարզերի 150 ուսուցիչ:
ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման գործում ունեցած մեծ ավանդի համար ռուսաց լեզվի մի շարք ուսուցիչներ պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրերով: ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վ. Կովալենկոյի կողմից պատվոգիր է հանձնվել նաև կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` միջազգային, հումանիտար, հասարակական կապերի զարգացման գործում ակտիվ գործունեության համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։