Նախարարն ընդունել է ՌԴ կրթության և գիտության նախարարության պատվիրակությանը

2012-04-03

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ կրթության և գիտության նախարարության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացնելով մեր երկրում իրականացվող կրթական քաղաքականության գերակայությունները, նշել է, որ բուհական համակարգի նկատմամբ առաջադրվող պահանջները խստացվել են:
«Վերջին մի քանի տարում օրենսդրական դաշտի պահանջների խստացմամբ պայմանավորված մասնավոր բուհերի թիվը գրեթե կրկնակի կրճատվել է, միաժամանակ պետությունը որդեգրել է պետական և մասնավոր բուհերին իրավական նույն դաշտում դիտարկելու քաղաքականություն»,-նշել է ՀՀ ԿԳ նախարարը: Արմեն Աշոտյանը ներկայացրել է նաև Հայաստանի կրթական համակարգում իրականացված բարեփոխումները՝ պայմանավորված  Բոլոնիայի գործընթացով և նշել, որ առաջիկա 3 տարում Հայաստանը  ստանձնել է Բոլոնիայի քարտուղարությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում գործող ռուսական տարբեր բուհերի մասնաճյուղերի գործունեությանը, քննարկվել են համատեղ կրթական ծրագրերին առնչվող ընթացիկ հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։