Ծրագիրը կյանքի է կոչվելու՝ միանշանակ

2012-03-29

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների խորհրդի  հետ, որոնց ՀՀ Նախագահի հետ հանդիպումից հետո, որպես հավելյալ աջակցություն պետության կողմից 100 մլն դրամ գումար էր հատկացվել: Հանդիպման ընթացքում երիտասարդ գիտնականները ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ քննարկել են խորհրդի աշխատակարգը, որի շուրջ նրանք որոշակի անհամաձայնություններ ունեին: Աշխատակարգը ձևավորվել է գիտնականների առաջարկությամբ, աշխատակարգի համաձայն գիտնականներն իրենք պետք է կատարեն գումարի բաշխումը:
Նախարարն  իր խոսքում նշել է. «Ցավալի է, որ  երիտասարդ գիտնականները, ովքեր հանրապետության նախագահի առջև ծրագիրն  իրականացնելու պատասխանատվություն են ստանձնել, և  ստացել այդ վստահությունը, այս պահին ինքնակազմակերպման բավարար մակարդակ չեն կարողանում դրսևորել: Վստահ եմ, որ գումարը տեղ է հասնելու, թե  ինչպես, և աշխատանքային որ խմբի կողմից`  տեխնիկական խնդիր է»,- հանդիպման ժամանակ ընդգծել է Արմեն Աշոտյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երիտասարդ գիտնականների բոլոր վիճահարույց հարցերը, նախարարի և խորհրդակցության խմբի անդամների միջնորդությամբ կայացվել է վերջնական որոշում աշխատակարգի վերաբերյալ: Նախարարը հույս է հայտնել, որ երիտասարդ գիտնականները ի վիճակի կլինեն արագ տեմպերով կյանքի կոչել երիտասարդ գիտնականների աջակցության և գիտական ներուժի բացահայտման ծրագրերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։