Այրվել՝ լուսավորելով ուրիշների ճանապարհը
2012-03-28
Երևանի Ա. Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցում այսօր տեղի է ունեցել ազգային-քաղաքական գործիչ, ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան 62-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Աժ պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, Ա. Նավասարդյանի ընտանիքի անդամները: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել Ա. Նավասարդյանի անվան թանգարան-ազգային դաստիարակության կենտրոնի բացման արարողությունը:
Թանգարանում ցուցադրվել են Ա. Նավասարդյանի կյանքի և հասարակական գործունեությանը վերաբերող նյութեր: Ոջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ թանգարանի առաքելությունը ոչ միայն հարգանքի տուրք մատուցելն է Ա. Նավասարդյանի հիշատակին և գործունեությանը, այլ «կենդանի լսարան դարձնել այդ թանգարանը՝ ազգային դաստիարակության կենտրոն ծառայեցնելով»: «Մենք խնդիր ունենք մեր երիտասարդ սերնդին ներարկելու ազգային գաղափարախոսության այբուբենը, և հատկապես մեր դարաշրջանում, երբ բարեկրթության, դաստիարակության արժեհամակարգի ճգնաժամ է, այսօր լավագույն քարոզչությունն է այն իրականացնել Հայաստանի նորագույն պատմության էջերում իրենց անջնջելի հետքը թողած մարդկանց օրինակով: Ա. Նավասարդյանի օրինակը լավագույն կենդանի դաս է բոլորի համար. մարդ, ով, տոգորված լինելով ազգայինով, այրվում է՝ լուսավորելով ուրիշների ճանապարհը, որով այսօր հազարավոր մարդիկ են անցնում: Գործի և մարդու հավերժությունը իր տարածած գաղափարների հավերժության մեջ է»,-իր խոսքում ընդգծել է նախարարը՝ անդրադառնալով նաև Ա. Նավասարդյանի՝ որպես պետական գործչի գործունեությանը, որոնց թիվը, ըստ Ա. Աշոտյանի, շատ քիչ է Հայաստանի նորագույն պատմության մեջ: «Ինչպիսի հասարակ կեցվածք կարող է ունենալ նման խորը մարդը, ինչպիսի գերակայություն արժեհամակարգի մեջ, որպեսզի հանուն նորանկախ պետության շահի և ղարաբաղյան պատերազմի հաղթանակի, մի կողմ դնի նեղ անձնական, կուսակցական շահը: Ահա ինչպիսին պետք է լինի իսկական քաղաքական գործչի կեցվածքը՝ հանուն պետության ապագայի»,-նշել է նախարարը:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև տոնական հուշ-ցերեկույթ: