Աշակերտը՝ դպրոցի լիիրավ սուբյեկտ

2012-03-23

ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Արենսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են առկա և հնարավոր համագործակցության առաջնահերթությունները, մասնավորապես, նախադպրոցական, միջնակարգ և ներառական կրթության հետ կապված խնդիրները, որոնք վերջին տարիներին շարունակական բնույթ են կրում Համաշխարհային բանկի հետ համագործակցության արդյունքում:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը տեղեկացրել է, որ կազմվվել է ներառական կրթության օժանդակության նոր ծրագիր, որի իրականացման նպատակով նախարարության, բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի և հիմնադրամի ներկայացուցչների մասնակցությամբ կազմակերպվել է սեմինար: Տիկին Հենրիետ Արենսին հավելել է, որ աշխատանքներ են իրականացվում երեխայակենտրոն դպրոցի ծրագրի ուղղությամբ, որի արդյունքում դպրոցը հնարավորություն կունենա պլանավորել իր զարգացումը՝ հիմնված որոշակի ցուցիչների և որակի գնահատման վրա: Անդրադառնալով դպրոցից դուրս մնացած երեխաների խնդրին՝ նա ընդգծել է, որ հստակ քայլեր են կատարվում վերջիններիս հայտնաբերման և ուղղորդման մեխանիզմների ճշգրտման ուղղությամբ՝ գործընթացում ներգրավելով նաև միջազգային խորհրդատուի:  Քննարկման ընթացքում տիկին Արենսին անդրադարձել է նաև աշակերտական խորհուրդների հզորացման խնդրին, որն իրականացվում է նոր աշակերտական պորտալի  միջոցով, որին այսօր արդեն միացել է 30 աշակերտական խորհուրդ:
Նախարարը, շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, նշել է, որ բոլոր թվարկված խնդիրները, այն է՝ նախադպրոցական, միջնակարգ, ներառական կրթության և դպրոցների ժողովրդավարական կառավարման  խնդիրները, հանրակրթության  բարեփոխումների բաղադրիչ մասն են: Արմեն Աշոտյանը մասնավորապես անդրադարձել է Արտակարգ իրավիճակների նախարարության հետ իրականացվող աղետների ռիսկերի նվազեցման ծրագրին՝  նշելով, որ այն համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունք է և հույս հայտնել, որ առաջիկա տարիներին կկրի շարունակական բնույթ: Նախարարը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչին տեղեկացրել է, որ աշնանը Աժ քննարկմանն է ներկայացվելու «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթը, որը երեխաների իրավունքների և կրթական կարիքների սպասարկման տեսանկյունից շատ մեծ փոփոխություններ է նախատեսում: Դպրոցից դուրս մնացած երեխաների առնչությամբ նախարարը նշել է, որ իրականում առկա է իրարամերժ տեղեկատվություն հասարակական սեկտորի ներկայացրած և պաշտոնական տվյալների միջև և, ըստ այդմ, անհրաժեշտ են հստակ քայլեր այդ ուղղությամբ:  Աշակերտական խորհուրդների հզորացման հետ կապված Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ ապրիլին առաջին անգամ նախատեսվում է կազմակերպել աշակերտական խորհուրդների հավաք և ձևավորել հանրապետական աշակերտական խորհուրդ, որը կհամակարգի աշակերտների ներգրավվածությունը կրթական բոլոր գործընթացներում. «Այս գործընթացի շնորհիվ աշակերտը կդառնա դպրոցի լիիրավ  սուբյեկտը, և նախարարին առընթեր խորհուրդն ինձ պարբերաբար կտեղեկացնի կրթական բոլոր բարեփոխումների վերաբերյալ աշակերտների մոտեցումները»,-նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ, բացի վերոնշյալ խնդիրներից, առաջիկայում նախատեսվում է իրականացնել դպրոցների վարկանիշային մեթոդաբանություն, որը կարևոր գործիք կհանդիսանա դպրոցների գործունեության թափանցիկության համար, կառաջարկի կրթության որակի կազմակերպման օբյեկտիվ չափագրման գործիքներ և հասարակությանը կտրամադրի առավել ճշգրիտ տեղեկատվություն: Այս խնդրում նախարարը հյուրից ակնկալել է միջազգային փորձի  ուսումնասիրության տրամադրում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությանը վերաբերող  և այլ հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։