Արդյունավետ նոր մեխանիզմներ
2012-03-21
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության կողմից 2012 թվականին Վայոց ձորի մարզի կրթության վարչությունում և հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:
Ներկայացված զեկույցի համաձայն՝ մարզի դպրոցներում կատարված ուսումնասիրությունների ընթացքում արձանագրված թերացումները հիմնականում վերաբերել են դպրոցական ուսումնական պլանների կազմմանը, առանձին դեպքերում ուսումնական պլանի և դասացուցակների անհամապատասխանություններին:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը նշել է, որ հաշվի առնելով նշված թերացումները, ինչպես նաև դրանք հետագայում բացառելու անհրաժեշտությունը, համապատասխան առաջարկ կներկայացվի մարզպետարան: «Տեսչության ուսումնասիրությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ պետական կրթական քաղաքականությունը տեղերում լիարժեք իրականացնելու առումով մեխանիզմների պակաս կա և նմանատիպ քննարկումները պետք է նպաստեն, որ այդ մեխանիզմները ստեղծվեն և ավելի արդյունավետ դառնան» ,- նշել է Մանուկ Մկրտչյանը:
Խորհրդակցության արդյունքում առաջարկվել է ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության հանձնարարականների ու եզրակացության հիման վրա ձեռնարկել օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ:












