Պետություն-մասնավոր հատված համագործակցությունը շարունակվում է
2012-03-15
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանն այսօր այցելել են Երևանի Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոց, որտեղ հիմնադրամի աջակցությամբ ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Վերանորոգվել են դպրոցի սանհանգույցները, դահլիճը, մուտքի դռները, ջրահեռացման խողովակները, բուֆետը, խոհանոցը, բուժկետը և պահակակետը, իսկ առաջիկայում սպասվում է նոր պատուհանների տեղադրում և դասասենյակների վերանորոգում:
ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մ. Մկրտչյանը նշել է, որ դպրոցական տարիներին ձեռք բերված գիտելիքներն են լավ ապագայի հիմք ստեղծում. «Ձեզանից յուրաքանչյուրն ընդունակ է հետագայում սովորել բուհերում և որոշակի խնդիրներ լուծել: Համարձակ եղեք և կհասնեք դրան,»,- նշել է նա:
ՀՀ ԿԳ նախարարը պատասխանել է նաև աշակերտների և մանկավարժների հարցերին, որոնք վերաբերել են հիմնականում կրթության արժևորմանը, ավագ դպրոցների հասարակական գնահատականին և աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը:












