Կապահովվեն ծրագրերի շարունակականությունը

2012-03-12

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության նորանշանակ ղեկավար, դեպան Տրայան Յաուրենտիու Հրիսթային:  Հանդիպման ընթացքում քննարկվել են  Հայաստան-Եվրամիություն կրթական ծրագրերին առնչվող հարցեր: Նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացնելով Հայաստանի կառավարության կրթական քաղաքականության հիմնական սկզբունքները, նշել է, որ մեր երկրի համար առաջնային  է լիովին ներգրավվել եվրոպական կրթական տարածքում:

«Այս համատեքստում մենք կարևորում ենք Եվրամիության աջակցությունը հատկապես ուսանողների շարժունությանը միտված ծրագրերում»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել կրթական ոլորտի համատեղ ծրագրերը դարձնել շարունակական, և հետամուտ լինել նոր նախագծերի իրականացմանը: Մասնավորապես Արմեն Աշոտյանն առաջարկել է բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացնել նոր համատեղ ծրագիր` ագրարային  կրթության ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի կողմից Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը ստանձնելու և 2015 թվականին Երևանում կազմակերպվելիք նախարարական գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև  Հայաստան- Եվրամիության կրթական համագործակցության ծրագրին առնչվող մի շարք հարցերի: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։