ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ՖԻԶԻԿԱ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱ և ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՑ / ՍՓՅՈՒՌՔՒ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻ ՀԱՄԱՐ/
2012-03-05
Օլիմպիադայի նպատակն է` համախմբել Սփյուռքի հայ երիտասարդների լայն շրջանակները ազգային կառույցների և կրթության շուրջ, ներգրավել հայերենին չտիրապետող երիտասարդներին Հայաստան-Սփյուռք կապերի մեջ, նպաստել ֆիզիկամաթեմատիկական առարկաների հանդեպ երիտասարդության հետաքրքրության բարձրացմանը, խթանել առողջ մրցակցության պայմաններում երիտասարդների գիտելիքների ու ստեղծագործական կարողությունների դրսևորմանը, նպաստել առավել տաղանդավոր երիտասարդների հայտնաբերմանը Սփյուռքում և Հայաստանում:
Օլիմպիադային կարող են մասնակցել 14 տարեկանից բարձր տարիքի դպրոցականներ: Մրցույթները կայանալու են երկու տարիքային խմբերի` 14-15 և 16-18 տարեկանների համար:
Օլիմպիադան անցկացվելու է երեք փուլով` նախապատրաստական և երկու մրցութային: Նախապատրաստական և առաջին մրցույթային փուլերը կազմակերպվում են տեղերում` օլիմպիադայի կազմակերպիչների (ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատանքային խմբի) օգնությամբ՝ հեռավար կարգով: Երկրորդ մրցութային փուլը, որը անցկացվելու է առաջին փուլում հաղթողների համար, կազմակերպվելու է ս.թ. հուլիսի 22-27-ը Երևանում:
Օլիմպիադայի լեզուն հայերենն է: Անհրաժեշտության դեպքում` առաջադրանքները օլիմպիադայի կազմակերպիչների կողմից կարող են ներկայացվել ռուսերեն և անգլերեն լեզուներով: Այլ լեզուների պարագայում` առաջադրանքների թարգմանությունը իրականացվում է կրթօջախների /համայնքների/ կողմից:
Օլիմպիադայի հաղթող են համարվում երկրորդ փուլում հաղթած մասնակիցները: Հաղթողները կստանան դիպլոմներ և նվերներ:
Երևանում գտնվելու ընթացքում պատվիրակների համար նախատեսված են նաև տարաբնույթ մշակութային, ուսուցողական և ժամանցային միջոցառումներ:
Օլիմպիադային համահայկական բնույթ հաղորդելու համար հայցում և ակնկալում ենք հայկական համայնքների, ազգային-հասարակական հաստատությունների և կազմակերպությունների, Թեմական և կրթական խորհուրդների հատուկ ուշադրությունն ու աջակցությունը: Ուրախ կլինենք բոլոր հայկական կրթօջախներից պատվիրակներ ընդունելու համար:
Օլիմպիադայի երկրորդ փուլի ընթացքում մասնակիցների և ուղեկցողների կեցության, սննդի և շրջագայության ծախսերը ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:
Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մարտի 25-ը լրացնել մասնակցության հայտը և այն ուղարկել hamahaykakan.olimpiada@gmail.com էլեկտրոնային հասցեով: Գրանցման ենթակա են կրթօջախները /համայնքները: Աշխատանքները կազմակերպելու համար օլիմպիադայի կազմակերպիչներն ակնկալում են համագործակցություն կրթօջախների/համայնքների կողմից առաջադրված մեկ կազմակերպիչ-համադրողի և ղեկավար(ներ)ի հետ:
Կազմակերպիչ-համադրողը պատասխանատու է օլիմպիադայի կազմակերպիչների հետ համագործակցության, տեղում աշակերտներին հավաքագրելու, նախապատրաստական փուլի աշխատանքը և առաջին փուլի մրցույթը կազմակերպելու համար:
Ղեկավար(ներ)ը իրականացնում է(են) սաների նախապատրաստումը օլիմպիադային և պատասխանատու է(են) այլ ընթացիկ մասնագիտական խնդիրների համար: Ղեկավարը պետք է տիրապետի հայերենին:
Օլիմպիադայի հետ կապված մանրամասներ և լրացուցիչ տեղեկություններ կտեղադրվեն www.olymp.am կայքում:
Օլիմպիադայի անցկացման պայմանների, կարգի վերաբերյալ ամփոփագիրը, մասնակցության հայտաձևը և օլիմպիադայի երկրորդ փուլի ծրագրի նախագիծը տեղադրված է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պաշտոնական www.edu.am և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի www.armedu.am կայքէջերում` «Սփյուռք» բաժնում:
Հավելյալ հարցերով կարելի է դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.
հեռ. +374 10 58-13-91
ֆաքս. +374 10 52-73-43
Էլ.փոստ. spyurq@yahoo.com, info@olymp.am
Կայքէջ. www.edu.am, www.armedu.am












