Գիտելիքի խրախուսում. լավագույնները կստանան ֆինանսական աջակցություն

2012-02-28

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր նախարար Արմեն Աշոտյանը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աշոտ Վարոսյանը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր, որի շրջանակում նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել լավագույն   ուսանողներին և ուսուցիչներին: Հիմնադրամի կողմից ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող և ուսման ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած, ինչպես նաև  դպրոցներում աշխատող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ջավախքի  և Հայաստանի քաղաքացիներին կհատկացվի միանվագ դրամական աջակցություն: 
«Համագործակցության շնորհիվ կրթաթոշակներ կստանան շուրջ 200 ուսանողներ, որոնց ընտրությունը կկատարվի թափանցիկ և օբյեկտիվ »,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ողջունում է մասնավոր, հասարակական և բարեգործական հաստատությունների հետ ցանկացած համագործակցություն: Կարևորելով հանգամանքը, որ ծրագրում ներառվել են նաև Արցախի և Ջավախքի քաղաքացիները` նախարարը շեշտել է.  «Հայաստանի կրթական գործընթացներում Ջավախքն ու Արցախը միայն կազմակերպաիրավական առումով են տարբերակվում, յուրաքանչյուր տարի 70-ական տեղեր են պետպատվերով հատկացվում ինչպես Արցախի, այնպես էլ սփյուռքի համար, որի հիմնական մասը տրվում է ջավախքցիներին»:
«Տաշիր» հիմնադրամի տնօրենը նշել է, որ հիմնական նպատակը բարձր առաջադիմություն ունեցողներին աջակցելն է, ինչպես նաև կրթական ծրագրերի իրականացմանը նպաստելը: Ըստ տնօրենի՝ ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 120 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։