Գործնական քայլեր սոցիալական փաթեթի կիրարկման ուղղությամբ

2012-02-23

Երևանի  թիվ 114 ավագ դպրոցում այսօր կազմակերպվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն աշխատակազմի ղեկավար  Մհեր Ղազարյանը:  Հանրապետության ավագ և հատուկ դպրոցների, ինչպես նաև ուսումնարանների տնօերնների մասնակցությամբ  քննարկվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված սոցիալական փաթեթի ծրագրի ներդրմանը վերաբերող հարցեր: ՀՀ կառավարության կողմից սահամանված կարգի համաձայն՝ սոցիալական փաթեթի ծրագիրն ուժի մեջ  է մտել  այս տարվա սկզբից:

ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավարը, ընդգծելով, որ  սոցալական փաթեթի գաղափարախոսությունը բխում է կառավարության սոցիալական քաղաքականության  նպատակներից, նշել է, որ շահառուների ցանկում ընդգրկված են հանրապետության  ավագ, հատուկ դպրոցների, ինչպես նաև ուսումնարանների  մանկավարժական աշխատողները: Յուրաքանչյուր շահառուի համար  նախատեսված է 132 հազար դրամ` համաձայն դրույքաչափի: Սոցիալական փաթեթը կարող է ծախսվել 4 ուղղություններով` առողջապահական ապահովագրություն, կրթություն, հանգստի կազմակերպում և հիփոթեքային վարկավորում: Նշված ծառայություններից առողջապահական ապահովագրությունը պարտադիր է, որի դիմաց սոցփաթեթից կհատկացվի 52 հազար դրամ, մնացած 80 հազար դրամը  շահառուն կարող է օգտագործել իր հայեցողությամբ: «Մեր ակնկալիքը ձեզանից հետևյալն է` բոլորդ պետք է դառնաք այս ծրագրի տերն ու կատարողը, որովհետև կրթական հաստատություններում ծրագրի արդյունավետության պատասխանատուն դուք եք»,- դիմելով ներկաներին նշել է Մ. Ղազարյանը և հավելել, որ ծրագրի արդյունավետության կարևոր նախապայմանը հաշվապահական գրագիտությունն է: Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԿԳՆ համապատասխան ստորաբաժանման պատասխանատուները պատասխանել են   ներկաներին հետաքրքրող հարցերին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։