Կրթության միջազգայնացում. հայ ուսանողները կարող են մասնագիտական կրթություն ստանալ նաև Լիտվայում

2012-02-23

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայի Հանրապետությունում հանդիպումներ է ունեցել կրթության ոլորտի պատասխանատուների հետ: Երկու երկրների կառավարությունների միջև կնքվել է կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, որը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և  Լիտվայի կրթության և գիտության նախարարներ Ա. Աշոտյանը և Գինտարաս Ստեպոնավիչիուսը:
Համաձայնագրով նախատեսվում է խրախուսել և աջակցել պետությունների կրթական համակարգի հաստատությունների կողմից տրվող որակավորումների համարժեքության սահմանմանը և փոխճանաչմանը: Ֆինանսական հնարավորությունների սահմաններում և գործող իրավական ակտերին համաձայն՝ փոխադարձաբար կտրամադրեն կրթաթոշակներ աշակերտների, ուսուցիչների, ուսանողների, բարձրագույն ուսումնական և հետազոտական հաստատությունների դասախոսների և հետազոտողների համար: Երկկողմ կապերի ամրապնդման նպատակով կիրականացվեն ընթացիկ նախագծերի և բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվության և աշխատանքային փորձի փոխանակում:
Պաշտոնական այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպում է ունեցել  նաև Լիտվայի հայ համայնքի հետ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։