Առարկայի դասավանդման իրավունքն ուսուցիչներին կտրվի Մայր Աթոռի կողմից

2012-02-20

2003 թվականից Հայաստանի հանրակրթական դպրոցներում, որպես պարտադիր առարկա, ուսուցանվում է «Հայոց եկեղեցու պատմություն»առարկան: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը փետրվարի 18-ին մասնակցել են «Հայոց եկեղեցու պատմություն»առարկայի ներդրմանը  նվիրված քննարկմանը: Միջոցառումը տեղի է ունեցել Օշականի Մ. Մաշտոցի անվան դպրատանը:
Ընդգծելով «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցման կարևորությունը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն նշել է. «Այս առարկայի շնորհիվ մեր երեխաները ճանաչում են հավատքի սկզբունքները, հաղորդ դառնում ազգային եկեղեցական տոներին»:Վեհափառը բարձր է գնահատել ՀՀ ԿԳՆ-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համագործակցությունը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ՀՀ Սահմանադրությամբ Հայասատանյանց Առաքելական սուրբ եկեղեցին ունի բացառիկ դեր մեր ազգային ինքնության պահպանման և հոգևոր արժեքների զարգացման գործում:  ««Հայոց եկեղեցու պատմություն»առարկայի մուտքը դպրոց թույլ է տալիս ոչ միայն փոխանցել գիտելիք, այլև ուժեղացնել մեկ այլ կարևոր բաղադրիչ` դաստիարակությունը: Դպրոցը նաև դաստիարակության վայր է, դպրոցը հայի ինքնության  պահպանման, վերարտադրման, հայոց պետության քաղաքացի կերտելու վայր է>,- նշել է նախարարը և հավելել, որ եկեղեցու հետ համագործակցությունը բարոյական արժեքների ներմուծմանն ուղղված քայլ է: Անդրադառնալով խնդիրներին`  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը  նշել է, որ հանրապետության բազմաթիվ դպրոցներում այդ առարկան դեռ դասավանդում են տարբեր առարկաների մասնագետներ`  ոչ պատշաճ որակով: «Այս տարվանից «Հայոց եկեղեցու պատմություն» դասավանդող ուսուցիչները հանրակրթական դպրոցներում աշխատելու իրավունք են ստանալու միայն Մայր Աթոռի թույլտվության դեպքում: Առարկան դասավանդողներն էլ վերապատրաստում կանցնեն Մայր Աթոռում>,-ասել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ նախատեսվում է նաև վերահրատարակել դասագրքերը:
ՀՀ ԿԳ նախարարն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել են նաև լրագրողների հարցերին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։