Առաջնահերթություն. կառավարելի գնային քաղաքականություն դասագրքերի շուկայում

2012-02-17

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել  Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների   շրջանառու հիմնադրամի /ԴՇՀ/ հոգաբարձուների խորհրդի նիստը:
Նիստում ներկայցվել է ԴՇՀ-ի 2011թ. գործունեության և տարեկան ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը և 2012թ.աշխատանքային ծրագիրը: Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների   շրջանառու հիմանդրամի փոխտնօրեն Գ. Գարեգինյանն իր հաշվետու խոսքում  ներկայացրել է տեղեկատվություն  նախորդ տարվա ընթացքում տպագրված և դպրոցներին բաշխված դասագրքերի վերաբերյալ:
Պետության կողմից սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին տարեկան մոտ 120 մլն դրամի սուբսիդիա է հատկացվում: Նախարարը կարևորել է շրջանառու հիմնադրամի հետևողական աշխատանքը, որպեսզի աջակցությունը տեղերում հասցեկան բնույթ կրեն: «Նախարարությունը ստանում է ահազանգեր այն մասին, որ առանձին դեպքերում դասագրքերի վարձավճարի զեղչերից առավել կարիքավորները չեն կարողանում օգտվել: Սա ես համարում եմ անթույլատրելի»,- շեշտել է նախարարն ու հավելել. որ խիստ մոտեցում պետք է ցուցաբերել այս հարցի վերաբերյալ դպրոցներից և մարզպետարաններից ներկայացվող հաշվետվություննեի նկատմամբ:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով հիմնադրամի աշխատանքի արդյունավետությունը, նշել է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների թվի նվազումը և գնաճի ճնշումը  նպաստում են դասագրքերի թանկացմանը և հավելյալ ֆինանսական բեռ են դառնում ծնողների  համար: Ա. Աշոտյանի խոսքով՝  նախարարությունը պետք է բոլոր հնարավոր միջոցները կիրառի դասագրքերի շուկայում կառավարելի գնային քաղաքականություն վարելու ուղղությամբ: Նախարարը նշել է, որ այս տարի դասագրքերի մրցույթ չի հայտարարվի և կհրատարակվեն միայն նախորդ տարիների մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված 11 անուն դասագրքերը:
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ավագ դպրոցի դասագրքերը կվերահրատարակվեն Հայ Առաքելական Եկեղեցու, իսկ միջին դպրոցինը՝ ԴՇՀ կողմից: Նախարարը հանձնարարել է նախապես «Հայոց եկեղեցու պատմության» առարկայի  ծրագրերը համաձայնեցնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ:
Հանձնարարվել է մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություններից ստացված հայտերի հիման վրա փոքր քանակությամբ վերահրատարակել նաև այն դասագրքերը, որոնց գործածության ժամկետը սպառվել է և դրանք մաշվածության պատճառով գործածելի չեն: Միաժամանակ կմշակվի դասագրքերի փորձարկման մեխանիզմ, որը կիրառելի կլինի առաջիկա սեպտեմբերից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։