Կրթական համագործակցություն Հայաստանի և Քուվեյթի միջև
2012-02-15
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին: Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը կարևորել են Հայաստանի և Քուվեյթի միջև կրթության և գիտության ոլորտում համատեղ ծրագրերի մշակումը, երկկողմ կապերի ընդլայնումն ու զարգացումը: Ընդգծելով, որ Հայաստանում արաբագիտության նկատմամբ ավանդական և պատմականորեն ձևավորված հետաքրքրություն կա` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Երևանի պետական համալսարանում նախատեսվում է հիմնել արաբագիտության և իսլամագիտության կենտրոն, միաժամանակ աշխատանքներ են ընթանում Երևանում արաբերենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց բացելու ուղղությամբ:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ Հայաստանն ու Քուվեյթը տարբեր ոլորտներում համագործակցության մեծ հեռանկար ունեն, և կրթության ոլորտն այս առումով կարող է առաջատար լինել:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկու պետությունների միջև կրթության ոլորտի համագործակցության հուշագրի վավերացման, բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակային ծրագրերի իրականացման, միջբուհական ուսանողական շարժունության ապահովման հետ կապված մի շարք հարցերի:












