Հանձնարարական` հաշվի առնելով «Թեժ գծի» և սոցիալական ցանցերի ահազանգերը

2012-02-14

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով նրանց քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքը կանխելու և արգելելու ուղղությամբ: ՀՀ ԿԳ նախարարի շրջաբերականի համար հիմք են հանդիսացել նախարարության «Թեժ գիծ» հեռախոսակապով և սոցիալական ցանցով ստացված ահազանգերը:
Նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է ԿԳՆ հանրակրթության վարչությանը հանձնարարականի մասին տեղեկացնել ուսումնական բոլոր հաստատություններին: Խնդրին նախարարն անդրադարձել է նաև նախօրեին հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ` նշելով, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի դպրոցներում բացառվի ուսուցչի հեղինակությունն արատավորող որևէ դրսևորում: Նախարարը մասնավորապես ընդգծել է. «Անհրաժեշտ է, որպեսզի դպրոցի տնօրինությունն ակտիվ բացատրական աշխատանք ծավալի ծնողական խորհուրդների հետ` ապօրինի դրամահավաքության նախաձեռնությունները կանխելու նպատակով: Ծնողական համայնքի աջակցությունն ու մասնակցությունը դպրոցի խնդիրների լուծմանը կարող է կազմակերպվել բացառապես կամավորության հիմքով` բանկային փոխանցումների տարբերակով»:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։