Հայ-բրիտանական կրթական համագործակցություն

2012-02-01

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան  տիկին Քեթրին Ջեյն Լիչին: Նախարար Արմեն Աշոտյանը դեսպանին մաղթել է արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ հայ-բրիտանական հարաբերությունները   կրթության ոլորտում նոր որակ կստանան, ընդգծելով, որ դրա համար առկա է անհրաժեշտ ներուժ:  ՀՀ կրթության և գիտության նախարարը կարևորել է մեր երկրում Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող կրթական ծրագրերը, մասնավորապես նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտում:

Ներկայացնելով մեր երկրում ընթացող կրթական բարեփոխումները՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը 2012-15-թթ ստանձնել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը և միաժամանակ առաջարկել Բրիտանական խորհրդին ակտիվ մասնակցություն ունենալ այս աշխատանքներում:
ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է նաև երկկողմ համագործակցության նոր ծրագրերի մշակումը՝ ավագ դպրոցներում անգլերենի խորացված ուսուցման նպատակով:
Դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշել է, որ բրիտանական կողմը պատրաստակամ է շարունակել իրականացվող ծրագրերը, ինչպես նաև քննարկել համատեղ նոր նախագծերի իրականացման հետ կապված հարցերը:
Քննարկման ընթացքում նշվել է, որ հանրակրթական դպրոցներն ակտիվորեն մասնակցում են Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված Չ. Դիկենսի 200-ամյակին նվիրված միջոցառումներին, մասնավորապես <Ինչ կգրեր այսօր Դիկենսը> թեմայով շարադրությունների մրցույթին:
Կողմերը քննարկել են նաև անգլերենի ուսուցիչների կարողությունների ու հմտությունների զարգացման և այլ խնդիրների վերաբերյալ հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։