Տնօրենի լավ աշխատանքի գնահատման միակ չափանիշը

2012-01-30

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության ավագ դպրոցների տնօրենները, ՀՀ ԿԳՆ-ի, Կրթության ազգային ինստիտուտի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Կրթության պետական տեսչության և այլ կառույցների պատասխանատուները:
Խորհրդակցության ընթացքում նախարարի կողմից տրվել են ոլորտում կարգապահության ապահովման և բովանդակային խնդիրներին վերաբերող խիստ հանձնարարականներ, քննարկվել են ընթացիկ մի շարք հարցեր:
Անդրադառնալով նախորդ տարվա ընթացքում ավագ դպրոցների ֆինանսավորմանն առնչվող հանրային հնչեղություն ստացած խնդրին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ նախարարության կողմից կատարված տնտեսումների հաշվին ՀՀ կառավարության կողմից շուրջ 200 մլն դրամ հավելյալ հատկացում է արվել ավագ դպրոցներին: <Հարգելի տնօրեններ, այդ խնդիրը, ունենալով որոշակի  օբյեկտիվ պատճառներ, պայմանավորված էր նաև  սուբյեկտիվ գործոններով: Ավագ դպրոցների  շատ տնօրեններ ուղղակի չեն կարողացել գրագետ տնտեսական կառավարում իրականացնել, ինչի հետևանքով էլ կուտակվել էին պարտքեր: Այսուհետ նախարարությունն առավել խիստ մոտեցում է ցուցաբերելու ֆինանսական ճեղքվածքով աշխատող դպրոցների  նկատմամբ>,- դիմելով խորհրդակցությանը ներկա ավագ դպրոցների տնօրեններին, նշել է նախարարը, և հանձնարարել  ընթացիկ տարում ավագ դպրոցների ֆինանսական կառավարումն առավել  արդյունավետ կազմակերպել: Նախարար Ա. Աշոտյանը միաժամանակ հավելել է, որ 2012 թվականին պետության կողմից ավագ դպրոցի աշակերտի համար նախատեսված ֆինանսավորման գործակիցը մեծացվել է, ինչպես նաև աշակերտների թույլատրելի քանակը ավագ դասարաններում հասցվել է մինչև 30 աշակերտի:
Անդրադառնալով ավագ դպրոցի կրթական ծրագրերի բովանդակային խնդիրներին, նախարարը նշել է, որ սկսած  2012-13 ուսումնական տարվանից, նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններ ընդունվածները նույնպես հանրակրթական բաղադրիչի համար պետական ավարտական և միասնական քննությունները հանձնելու են կենտրոնացված եղանակով՝ Գնահատման և թեստավորման կենտրոնում: Հակառակ պարագայում, ինչպես նշել է նախարար Ա. Աշոտյանը, նրանք կստանան միայն միջին մասնագիտական կրթության որակավորումն հավաստող վկայական, որը դպրոցի ավարտական վկայական չի դիտվում և քոլեջի կամ ուսումնարանի տվյալ ուսանողին բուհ դիմելու հնարավորություն չի տալիս: Հանրակրթական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի թարմացման, մասնագիտական կողմնորոշման ու բովանդակային բարեփոխումների շրջանակում նախարարը կարևորել է բուհերի և ավագ դպրոցների համագործակցության զարգացումը, որի լավագույն օրինակներն առկա են: Նախարարը հորդորել է տնօրեններին առավել ակտիվ լինել այդ հարցում և հավաստիացրել, որ նախարարությունը պատրաստ է աջակցել համագործակցության զարգացմանը միտված գործընթացներին:
Խորհրդակցության ընթացքում նախարարն անդրադարձել է ավագ դպրոցներին առնչվող՝ մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած ահազանգերին: <Հաճախակի են դարձել լուրերն այն մասին, որ որոշ դպրոցներում ծնողների,  տնօրենի և ուսուցիչների փոխհամաձայնության արդյունքում, աշակերտները դպրոց չեն հաճախում: Դա ուղղակի անթույլատրելի է,  դպրոցի տնօրենի անմիջական պարտականությունն է ապահովել ուսումնական գործընթացի կարգապահությունը>,- նշել է  նախարարը և  շեշտել, որ այսուհետ ԿԳՆ-ի  կողմից համակարգված և հետևողական վերահսկողություն է իրականացվելու ավագ դպրոցներում հաճախելիության նկատմամբ: Դժգոհություններն, ըստ նախարարի, վերաբերում են հատկապես 12-րդ դասարանցիներին. <Հատկապես 12-րդ դասարանցիները գան ու նստեն դասի>,- շեշտել է նախարարը և հավելել, որ ԿԳՆ-ի կողմից առաջիկայում կիրականացվեն  ստուգումներ և հայտնաբերված դեպքերի նկատմամբ կցուցաբերվի խիստ մոտեցում: Նախարար նշել է նաև, որ ՀՀ ԿԳՆ-ի <Թեժ գիծ> հեռախոսակապով վերջին ամսում ավելացել են ուսուցչին անհարիր վարքագծի, մասնավորապես, կոպտություն ու բռնություն կիրառելու վերաբերյալ  ահազանգերը: <Ուսուցիչը պետք է հասկանա, որ գործ ունի նոր հոգեբանությամբ աշակերտի հետ: Նրան կրթելու և դաստիարակելու առաքելությունը պետության կողմից դրված է ուսուցչի վրա և այդ գործընթացում կոպտությունն ու բռնությունը տեղ չունեն>,- շեշտել է նախարարը և հավաստիացրել, որ յուրաքանչյուր նման դրսևորում անհետևանք չի կարող մնալ: 
Նախարար Ա. Աշոտյանը հանրային հնչեղություն ստացած խնդիրներից կարևորել  և  տնօրենների ուշադրությունը  հրավիրել է  դպրոցներում աղանդավորական քարոզչության իրականացնելու փորձերի վերաբերյալ ահազանգերին, դրանք համարելով անհանգստացնող :
<Ուշադիր և հետևողական եղեք, որպեսզի դպրոցներում, ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների և նրանց ծնողների կողմից կրոնական քարոզչության ցանկացած դեպք կանխվի և արգելվի>,- հանձնարարել է նախարարը:
  Արմեն Աշոտյանը հորդորել է ներկաներին ուսումնական ծրագրերին և դասագրքերին վերաբերող հարցերում լինել ակտիվ և նախաձեռնող: Նա հույս է հայտնել, որ ավագ դպրոցներում ներդրված նոր դասագրքերի, ինչպես նաև ծրագրերի վերաբերյալ ուսուցիչները կներկայացնեն մասնագիտորեն հիմնավորված կարծիքներ, ինչը կնպաստի ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանն ու համակարգի կայացմանը:
ՀՀ ԿԳ նախարարը, կրկնելով հրապարակավ արտահայտած իր դիրքորոշումը, դպրոցների տնօրեններին մեկ անգամ ևս հանձնարարել է դպրոցը զերծ պահել քաղաքական գործընթացներում ներքաշվելուց: <Յուրաքանչյուր ուսուցիչ և դպրոցի տնօրեն կարող է լինել ցանկացած կուսակացության անդամ, դա իր սահմանադրական իրավունքն է, բայց դպրոցից և ուսումնական գործընթացից դուրս: Դպրոցում արգելվում է ցանկացած քաղաքական քարոզչություն՝ դա օրենքի պահանջ է, որը խստիվ պետք է կատարվի>,- շեշտել է նախարարը և հավելել,  որ այս հարցում ևս ինքը լինելու է հետևողական:
ՀՀ ԿԳ նախարարը խորհրդակցության ընթացքում պատասխանել է նաև ավագ դպրոցների տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են ուսումնական ծրագրերին, ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման գործընթացին, դպրոցների տեխնիկական հագեցվածությանը, ջեռուցմանը, վերանորոգմանը և բազմաթիվ այլ խնդիրների: <Նախարարությունը, և անձամբ ես,  մշտապես սատարելու ենք լավ աշխատող տնօրեններին: Իսկ տնօրենի լավ աշխատանքի գնահատման միակ չափանիշը որակյալ կրթության ապահովումն է>,- ամփոփելով խորհրդակցությունը շեշտել է  Ա. Աշոտյանը  և ներկաներին մաղթել արդյունավետ աշխատանքային տարի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։