Նպատակը կրթության որակի բարձրացումն է

2012-01-24

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել  աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության կողմից 2011թ. Լոռու մարզի  հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը և մարզպետարանի ներկայացուցիչներ:
Կարևորելով տեսչական ուսումնասիրությունների արդյունավետությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանը նշել է. <Կրթության ոլորտում ցանկացած ուսումնասիրություն և ստուգում մեկ  գլխավոր նպատակ է հետապնդում՝ կրթության որակի բարձրացում: Այս քննարկումների ընթացքում մենք պետք է, վերլուծելով առկա թերություններն ու բացթողումները, փորձենք հասնել դրանց բացառմանը>:
Կրթության պետական տեսչության պետ Ա. Կարապետյանը, ներկայացնելով տեսչության կողմից իրականացված  ստուգումները, նշել է, որ արձանագրված  թերությունները հիմնականում ընդհանուր բնույթի են եղել, որոնք առկա են  նաև այլ մարզերի դպրոցներում:
Ներկայացված զեկույցի համաձայն՝ Լոռու մարզի դպրոցներում կատարված ուսումնասիրությունների ընթացքում  արձանագրված թերացումները  վերաբերել են դպրոցական ուսումնական պլանների կազմմանը,  ուսուցիչների մրցութային կարգով ընտրությանը  և այլ հարցերի: Մասնավորապես, մարզի հեռավոր և սահմանամերձ գյուղերում առկա է մանկավարժ մասնագետների պակաս, ինչով պայմանավորված ուսուցչի թափուր տեղերի համար հայտարարված մրցույթները մի շարք դեպքերում հավակնորդների բացակայության պատճառով չեն կայանում:
 Խորհրդակցոթյան արդյունքում առաջարկվել  է ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության հանձնարարականների ու եզրակացության հիման վրա ձեռնարկել օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։