Կրթական բարեփոխումները չեն պատճենվում’ տեղայնացվում են

2012-01-18

ՀՀ կառավարության մամուլի սրահում այսօր տեղի է ունեցել Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը: Նախարարը ներկայացրել է  կրթության ոլորտի 2012 թվականի գերակա խնդիրներն ու ծրագրերը: Նա նշել է, որ  կանցկացվեն նոր միջոցառումներ, կիրականացվեն բարեփոխումների շարունակականությանը միտված քայլեր, ավարտին կհասցվեն մի շարք կարևոր նախագծեր: Կրթության բնագավառում թիրախային են լինելու որակի, մատչելիության, սոցիալական բեռի թեթևացման խնդիրները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարը:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղեկացմամբ 2012 թվականին շարունակվելու է նախակրթարանների ընդլայնման ծրագիրը: ՀՀ 4 մարզերում՝ Շիրակում, Լոռիում, Տավուշում և Կոտայքում  կբացվեն շուրջ 80 նախակրթարաններ, որոնցում կընդգրկվեն ավելի քան 1500 երեխաներ: Ծրագրում ներառված են այնպիսի համայնքներ, որոնք նախկինում մանկապարտեզներ չեն ունեցել:
Հանրակրթության ոլորտում շարունակվելու է ուսուցիչների վերապատրաստումն ու ատեստավորումը: 2012 թվականին կվերապատրաստվեն ավելի քան 8000 ուսուցիչներ, որոնց մոտ 25 տոկոսը ատեստավորումից հետո կստանա տարակարգ, ինչը նրանց աշխատավարձի հավելում ստանալու հնարավարություն կտա: Կշարունակվի նաև անցյալ տարվանից մեկնարկած դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդների հավաստագրման գործընթացը, որը օրենքով  սահմանված կարգով պետք է անցկացվի  տարին երկու անգամ: «Թեև հիմնական «պիկը» կարծես թե անցել է, որովհետև միայն անցյալ տարի ընտրվել են շուրջ 800 դպրոցների տնօրեններ, այնուհանդերձ հավաստագրման գործընթացը  շարունակվելու է»,- նշել է նախարարը:
Հանրակրթական դպրոցներում կշարունակվի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման գործընթացը,  ինտերնետին համակցված կլինեն 1403 դպրոց: ՀՀ կրթության և գիտության նախարարության և «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի բջջային կապի օպերատորի աջակցությամբ 107 ավագ դպրոցներում հասանելի կլինի «wi-fi» ինտերնետը: Նախարարը հավելել է, որ այս տարի նախատեսվում է ստեղծել նաև էլեկտրոնային շտեմարան, որտեղ կկենտրոնացվեն հանրակրթական դպրոցում օգտագործվող բոլոր դասագրքերը, որոնք հնարավոր կլինի նաև ներբեռնել: Իսկ տարրական դասարանների աշակերտներին 2012-ի սեպտեմբերին բոլոր դասագրքերը կհատկացվեն անվճար (նախկինում գումար էր գանձվում օտար լեզվի, երաժշտության դասագրքերի համար): Անդրադառնալով ուսումնական տարվա սկզբից «Շախմատ» առարկայի ներդրմանը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ  շախմատը դառնում է հայկական կրթական համակարգի միջազգային բրենդը: Այդ մասին, ըստ նախարարի, վկայում են բազմաթիվ երկրների ԿԳ նախարարների արձագանքները, ովքեր ցանկանում են ծանոթանալ հայկական փորձին:  Նախատեսվում է անցկացնել դպրոցների վարկանշավորում և այդ նպատակով այս տարի մշակվելու են դպրոցներում կրթության որակը գնահատելու, ռեյտինգավորելու մեթոդաբանություն և մեխանիզմ: Նախարարը նշել է, որ դրա հասարակական պահանջը կա, այն  հնարավորություն կտա հասարակությանը ճիշտ կողմնորոշվել իրենց երեխայի կրթօջախն ընտրելու հարցում:
«Հայոց լեզու և գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից միասնական-ավարտական քննությունները կանցկացվեն բացառապես շտեմարաններից ընտրված առաջադրանքներով, ինչն, ըստ ՀՀ ԿԳ նախարարի, ավելի կանխատեսելի կդարձնի բուհական ընդունելության քննություններն ու  կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը:  2012-ի ավարտին շտեմարաններ կհրատարակվեն մյուս բոլոր քննական առարկաներից և արդեն 2013 թվականին միասնական քննությունները կլինեն բացառապես շտեմարանային:
2012 թվականին ՀՀ կառավարության կողմից սահմանած սոցիալական փաթեթում ընդգրկված են նաև հանրապետության հանրակրթական, հատուկ և ավագ դպրոցների ավելի քան 43 հազար մանկավարժները:
Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում կմշակվեն 17 առարկաների նոր կրթական չափորոշիչներ, այն մասնագիտությունների գծով,  որոնք միտված են աշխատաշուկայի պահանջարկին: Քոլեջների և ուսումնարանների շուրջ 850 մանկավարժ-դասախոսներ անցնելու են վերապատրաստում միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Նախատեսվում է   նաև 50 տոկոսով, ինչը թվային արտահայտությամբ կազմում է շուրջ 2000 տեղ, ավելացնել պետպատվերը նախնական և միջին մասնագիտության կրթության ոլորտում: «Նախորդ տարիներին ուշադրությունը հիմնականում սևեռված է եղել բարձրագույն կրթության վրա, ինչի պատճառով աշխատաշուկայի պահանջների և կրթական համակարգի կապը խեղվել է: Այսպիսով կրթություն-աշխատաշուկա օրգանական կապը փորձելու ենք վերականգնել»- նշել է նախարարը:
Բարձրագույն կրթության համակարգում բարեփոխումները շարունակվելու են Բոլոնիայի գործընթացով պայմանավորված երեք ուղղություններով: Նախարարը ներկայացրել է նաև բուհական համակարգում ակնկալվող փոփոխությունները: «Ոչ մի բարեփոխում չի պատճենահանվում, դրանք  հստակ տեղայնացվում են»,- շեշտել է Արմեն Աշոտյանը և թվարկել այդ համատեքստում սպասվող  փոփոխությունները՝ որակավորումների ազգային շրջանակի ներդրում, բուհերի հավատարմագրում, բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումÖ‰ Ուսանողական կրթաթոշակների ավելացում չի նախատեսվում, սակայն տարվա ընթացքում տարբեր մասնագիտությունների գծով անցկացվելու է  «Լավագույն ուսանող» մրցույթը:
Տարվա նորույթ կլինի կրկնակի դիպլոմներ շնորհելու համակարգի ներդրումը, որը ՀՀ բուհերի միջազգայնացմանը միտված կարևոր քայլ է: Նախատեսվում է, որ այդ ուղղությամբ առնվազն երեք մասնագիտությունների համար բուհերը պայմանավորվածություն ձեռք կբերեն գործընկեր միջազգային բուհերի հետ: «Համատեղ կրթական ծրագիրն ավարտած ուսանողը կստանա երկու դիպլոմ` ավանդական հայկականը և միջազգային բուհինը»,- պարզաբանել է նախարարը և նշել, որ բուհերը և մասնագիտությունները դեռևս հստակեցված չեն: «Բոլոր դեպքերում, մեր երկրի բոլոր բուհերն էլ շահագրգռված են նման ծրագրի իրականացմամբ, քանի որ այդպիսով Հայաստանի բուհական համակարգի արտաքին գրավչությունն ու վարկանիշը  կբարձրանա»,- մեկնաբանել է ՀՀ ԿԳ նախարարն ու ամփոփելով նշել, որ մշակվելու է նաև Հայաստանի բուհերի վարկանշավորման մեթոդաբանություն, որը հիմնված կլինի միջազգային լավագույն փորձի վրա:
Նախարարը պատասխանել է նաև ասուլիսին մասնակից լրագրողների հարցերին: Նախարարը կատարել է նաև խոստումը՝ պատասխանելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերի հարցերին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։