Նախարարը կատարել է խոստումը. պատասխանել է «Ֆեյսբուք»-ի օգտատերերի հարցերին

2012-01-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կատարել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջում տրված խոստումը և ՀՀ կառավարության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պատասխանել է ընկերների և օգտատերերի կողմից առավել հաճախ տրվող հարցերին: 
Պատասխանելով «ԻնչպիսիՎն են լինելու 2012 թվականի ընդունելության քննությունները» հարցին՝ նախարարը նշել է, որ կառավարության կողմից կարգը դեռ հաստատված չէ,  այն  առաջիկայում կընդունվի:
«Ընդունելության քննությունների անցկացման ժամկետների խախտում չի լինելու՝ այսինքն ինչպես նախորդ տարիներին քննությունները կմեկնարկեն համապատասխան ժամկետներում, բայց կավարտվեն ավելի շուտ: Հաճախ հնչող հարցերից մեկն էլ այն է, թե արդյոՎք արական սեռի դիմորդները կհասցնեն մինչև բանակ զորակոչվելը հանձնել ընդունելության քննությունները: Պատասխանեմ շատ հստակ՝ այո, արական սեռի աշակերտները կհասցնեն մասնակցել ավարտական և միասնական քննություններին: Պետպատվերով և տարկետման իրավունքնով ընդունվողները կստանան տարկետում և կշարունակեն իրենց ուսումը, իսկ վճարովի և առանց տարկետման իրավունքի ընդունվածները  կրթությունը կշրունակեն հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարելուց հետո, բայց նրանք կհրամանգրվեն և իրենց տեղերը կպահպանվեն: Բուհական ընդունելության քննությունների արդյունքներն այս տարի ավելի շուտ են հրապարակվելու, որպեսզի զորակոչի աշխատանքների բնականոն ընթացքին չխանգարեն»,- նշել է նախարարը:
Ֆեյսբուքցիներն առավելապես հետաքրքրված են նաև ավագ դպրոցների խնդիրներով: Այս առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարը պարզաբանել է. «Մեկ-երկու տարին ավագ դպրոցներում առկա խնդիրները լուծելու համար բավարար չեն: Մենք այսօր արդեն ունենք 107 ավագ դպրոց, բավականին հաջողված դասագրքեր, համապատասխան ուսումնական ծրագրեր, վերապատրաստված ուսուցիչներ և մշտական վերահսկողություն: Ավագ դպրոցների մի շարք տնօրեններ 2011 թվականի վերջին նկատողություն են ստացել տարբեր՝ հիմնականում կառավարչական բնույթի  խախտումների համար: Ավագ դպրոցները նախարարության մշտական ուշադրության կենտրոնում են և հետզհետե դառնում են հանրակրթության համակարգի լավագույն օղակը: Իհարկե, խնդիրները շատ են՝ գույքային և շենքային պայմանների արդրականացում, տեխնիկական հագեցվածության բարելավում և այլն: 2012 թվականին շուրջ 20 ավագ դպրոցներում վերակառուցման և նորոգման ծրագիր ենք իրականացնելու:
Բոլոր դեպքերում ավագ դպրոցների ծրագիրն այլընտրանք չունի: Հետխորհրդային և սոցիալիստական երկրներից շատ քչերն են ռիսկի դիմել և առանձնացրել ավագ դպրոցները, որովհետև վախեցել են հասարակական  կարծիքի ճնշումից: Բայց կրթության ոլորտի լավագույն բոլոր մասնագետները, ոչ միայն մեզ մոտ, այլև աշխարհում գիտեն ու համոզված են, որ ավագ դպրոցների համակարգը այլընտրանք չունի: Հավաստիացնում եմ, որ եվրոպական շատ երկրներում, օրինակ Գերմիանիայում, 6-րդ դասարանից են առանձանացնում մասնագիտական կողմնորոշում ունեցող աշակերտներին: Ավագ դպրոցների բարեփոխումը ոչ մի երկրում դյուրին չի եղել, որովհետև դա ենթադրում է «ստերիոտիպերի» կոտրում: Մենք գնացել ենք այդ ճանապարհով և կարևոր քայլն արդեն արել ենք, մնացածն ավելի հեշտ է լինելու»: 
Գիտական կոչումների հարցը ևս սոցիալական ցանցերում հաճախ է բարձարացվում: Անդրադառանալով այս թեմային ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ գիտական աստիճանաշնորհման կարգը խստացվել է՝ ասպիրանատուրա ընդունվելն ու ատենախոսություն պաշտպանելն ավելի դժվար է լինելու: Նոր՝ խստացված չափանիշներ են սահմանվել նաև գիտական ամսագրերի նակատմամբ: Նախարարը առանձնացրել է մասնավորապես անգլերենի իմացության(TOEFL)  պահանջների խստացումը. «Նախորդ տարիների iTp(այԹԻՓԻ) փոխարեն iBT(այԲԻԹԻ)՝ այսինքն օնլայն քննություն է  պահանջվելու, ինչը կտրուկ դժվարացնում է ասպիրանտուրա ընդունվելու գործընթացը»,- նշել է նախարարը և կարծիք հայտնել, որ խստացումների արդյունքում պաշտպանվող ատենախոսությունների և շնորհվող գիտական կոչումների թիվը որոշակիորեն կնվազի: Ըստ նախարարի՝ խնդիրը որակի և ոչ թե քանակի ապահովումն է:
Քանի որ 2012-ը նախընտրական տարի է, «Ֆեյսբուքում» ընտրությունների թեման առաջատարներից է: «ԻՎնչ ցուցումներ է տվել ՀՀ ԿԳ նախարարը բուհերի ռեկտորներին և դպրոցների տնօրեններին ընտրությունների հետ կապված»  հարցին նախարարը պատասխանել է. «Հրահանգել եմ հետևել օրենսդրությանը, որն արգելում է քաղաքական գործընթացներն ուսումնական հաստատություններում: Ոչ մի քարոզչություն, ոչ մի քաղաքական հանդիպում և միջոցառում բուհի տարածքում: Իսկ բուհից դուրս  յուրաքանչյուր ռեկտոր, դասախոս, ուսանող իրավունք ունի լինել կուսակցության անդամ, գնալ միտինգների, հավաքների, քարոզչություն անել և այլն, բայց ոչ աշխատանքային ժամի կամ դասերի հաշվին: Կրթական համակարգում քաղաքական ժամանակավոր զարգացումների ինչ-որ բացասական էլեմենտների ներմուծումն անթույլատրելի է: Վերջապես պետք է չմոռանալ, որ դասերը մնայուն են, իսկ ընտրությունները` անցողիկ: Ահա սա է իմ բանաձևը»,- շեշտել է  Ա. Աշոտյանը և հավելել, որ  Հանրապետական կուսակցության համար լավագույն PR-ը  մասնագիտական լավ աշխատանքն է :
Նախարարը խոստացել է նաև առաջիկայում առանձին ասուլիս կազմակերպել միայն ֆեյսբուքյան հանրության համար:


Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։